Թրամփի վարչակազմը պաշտոնապես ծանուցել է Կոնգրեսին 52 միլիոն դոլարի ռազմական օգնության վերաբաշխման մասին՝ այդ միջոցները Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներից ուղղելով Կենտրոնական և Հարավային Ամերիկայի դաշնակիցներին։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ֆինանսավորումը, որը նախկինում նախատեսված էր Սլովակիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Թունիսի և Իրաքի համար, այժմ կուղղվի Պանամա, Պերու, Էկվադոր և Կոլումբիա։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ այս քայլը չի նշանակում Եվրոպայի և Մերձավոր Արևելքի գործընկերների համար ռազմական օգնության լիակատար դադարեցում, թեև այդ երկրներին մնացող գումարների հստակ ծավալը դեռևս հրապարակված չէ։ Ռազմական ֆինանսավորումը թույլ է տալիս ստացող երկրներին ամերիկյան պաշտպանական կապալառուներից գնել ռազմական սարքավորումներ։
Պետդեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցները կօգտագործվեն «նարկոտեռորիզմի» դեմ պայքարելու և Պանամայի ջրանցքի անվտանգությունն ապահովելու համար։ Վարչակազմը նշել է, որ Լատինական Ամերիկան պատմականորեն անտեսված է եղել ԱՄՆ ռազմական օգնության ծրագրերում, և այս քայլը նպատակ ունի կանխել տարածաշրջանում հակառակորդների, մասնավորապես՝ Չինաստանի ռազմավարական ներկայության ընդլայնումը։
Այս որոշումը հաջորդել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Կոլումբիա, Էկվադոր և Պերու կատարած այցին, որի ընթացքում նա հավելյալ աջակցություն էր խոստացել թմրաշրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Քաղաքական այս փոփոխությունը համահունչ է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Արևմտյան կիսագնդի նկատմամբ առաջնահերթություն սահմանելու քաղաքականությանը՝ հիմնված Մոնրոյի դոկտրինի վերականգնման սկզբունքի վրա։

