NEWS.am-ի տեղեկություններով օրերս Իջևանում միջադեպ է տեղի ունեցել ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ, գնդապետ Մեսրոպ Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Իջևանում շրջանառվող լուրերի համաձայն, գնդապետը ոչ սթափ վիճակում վիճաբանության մեջ է մտել մի խումբ իջևանցիների հետ, ոչ պարկեշտ արտահայտություններ արել, արդյունքում ծեծի ենթարկվել։ Գնդապետը սակայն բուժօգնության նպատակով հիվանդանոց չի դիմել՝ խուսափելով ավելորդ աղմուկից։ Մեր տեղեկություններով՝ ներկայումս ՊՆ–ում քննարկվում է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։
NEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ հիշյալ դեպքի վերաբերյալ իրենք ահազանգ չունեն, իսկ Պաշտպանության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել Հովհաննիսյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունը։ Ի դեպ, Մեսրոպ Հովհաննիսյանը մտերիմ հարաբերություններ ունի ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի հետ. հավանաբար սա է պատճառը, որ գնդապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չի եղել։
Հիշեցնենք, որ փետրվարի 19–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Բաղդասարյանն ազատվել էր ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Դրան նախորդել էր վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը՝ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային փոփոխությունների հետ կապված որոշումներ:
Աղբյուրը՝ News.am