Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրոպան պետք է աջակցի Ուկրաինային դժվար որոշումներ կայացնելու հարցում։ Հատկապես բարդ է տարածքային հարցը։ Այս մասին հաղորդում է CNN Turk-ը։ Ֆիդանը նշել է, որ մեծ կորուստները կանխելու համար անհրաժեշտ է կանխել աղետը և վերացնել չարիքը։ «Հողային հարցը հատկապես բարդ է։ Աստված մի արասցե, որ որևէ մեկը նման բանի առնչվի», – հավելել է նա։
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին։ Նա նշել է, որ Ստամբուլը պատրաստ է կրկին հյուրընկալել բանակցությունների նոր փուլեր։ Նախարարը հիշեցրել է, որ գերիների փոխանակման և մարդասիրական հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված առաջընթացը հիմք է հանդիսացել այսօրվա բանակցությունների համար։
Նա զգուշացրել է, որ պատերազմն արդեն տարածվել է Սև ծով և կարող է տարածվել Եվրոպայի այլ մասերում։ «Սև ծովն այժմ դարձել է պատերազմական գոտու շարունակությունը։ Եթե պատերազմը շարունակվի, այն կտարածվի Եվրոպայի այլ վայրերում։ Սա պետք է ավարտվի այստեղ և հիմա», – եզրափակել է Ֆիդանը։
Նշենք, որ եթե Ֆիդանի դիվանագիտական խոսույթը հարկ լինի թարգմանել, ապա պետք է ասվի, որ Թուրքիան Եվրոպական պետություններին կոչ է անում չպաշտպանել Ուկրաինային եւ ստիպել նրան՝ կատարել Ռուսաստանի առաջ քաշած բոլոր պայմանները։ Այլապես Թուրքիան չի երաշխավորում, որ եթե ռուս-ուկրաինական պատերազմը թուրքական ազդեցության գոտիներից Եվրոպա ներթափանցի, ապա կհանդիպի պաշտոնական Անկարայի դիմադրությանը։

