Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել հայտարարությամբ:
Նա անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային Թուրքիայի բացահայտ աջակցությանն ու Հայաստանի նկատմամբ թշնական հայտարարություններին։
Կարո Փայլանը նշել է, որ թեև Թուրքիան ստորագրել է ՄԱԿ-ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքի համաձայնագրի 20-րդ կետը, որով արգելված է պատերազմի որևէ քարոզչություն, Թուրքիայի իշխանությունները հանցանք են գործում՝ կատարելով պատերազմի քարոզչություն։
«Թուրքիայի իշխանություններն ինչ էլ անեն, ես ու իմ ընկերները պիտի շարունակենք խաղաղություն գոչել, քանի որ պատերազմը չունի հաղթող, իսկ խաղաղությունը՝ պարտվող։
Կոչ եմ անում բոլոր այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղությանը, թող իրենց ձայնը բարձրացնեն ընդդեմ պատերազմի»,-նշել է Կարո Փայլանը։