Աշխարհ

Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան․ Շերը հիշեցրել է Ցեղասպանությունը

Հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) իր ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները։ Թվիթերյան իր էջում այդ մասին բազմաթիվ գրառումներ անելուց հետո Շերը իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին հայերի դեմ թուրքերի իրականացրած Ցեղասպանության մասին, որի հետևանքով սպանվեց մոտ 2 միլիոն հայ։

«Կներեք, որ շարունակում եմ քրդերի վերաբերյալ գրառումներ անել, բայց երբ 11 տարեկան էի, ես լսել եմ արյանը ծարավ թուրքերի մասին, որոնք խոշտանգել ու սպանել են մոտ 2 միլիոն հայերի։ Ես դա նաև լսել եմ Հայաստանում։ Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան։ Հիմա նրանք ցեղասպանություն են իրականացնում քրդերի դեմ»,-գրել է Շերը։

Երգչուհին սրանում տեսնում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործոնը։ Ըստ նրա՝ նա ևս աջակցում է թուրքերին։

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Թուրքիան պաշտոնապես մեկ զոհի անուն է հայտնում: Ըստ Մարդինի և Շանլըուրֆայի նահանգապետարանների հայտարարության՝ քրդերի հրետակոծության հետևանքով 2 նահանգում վիրավորների թիվը հասնում է 69-ի, զոհերի թիվը՝ 7-ի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ