Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև, որպեսզի թուլացվի երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար սերտ կապեր ունի Վաշինգտոնի և Թեհրանի հետ:
«Մենք կշարունակենք աշխատել այլ երկրների հետ՝ առաջիկա օրերին այս խնդիրը լուծելու կամ լարվածությունը նվազեցնելու նպատակով»,-ասել է նախարարը:
Նա նաև ընդգծել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իրաքի իշխանություններին չշտապել երկրից կոալիցիոն ուժերի դուրսբերման հարցում:
«Սուլեյմանիի սպանությունը փոխել է հավասարակշռությունը ոչ միայն Իրաքում, այլ նաև Իրանում, ինչը կարող է հանգեցնել արմատական խմբավորումների ուժեղացմանը»,-եզրափակել է Չավուշօղլուն:

