Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի և ԵՄ երկրների միջև սիրիացի փախստականների հարցին և թեմայի շուրջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` վերջերս հնչեցրած սպառնալից հայտարարությանը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում Միցոտակիսը նշել է, որ Էգեյան ծովի վրայով Հունաստան մուտք գործած փախստականների թիվն ավելացել է:
«Այս իրավիճակը նման ձևով չի կարող շարունակվել: Այստեղ մի բան ակնհայտ է. Թուրքիան փախստականներին ընդունում է որպես լծակ օգտագործելու և Եվրոպայի վրա ճնշումներ գործադրելու համար: Ու փորձում է ինչ-որ բան ձեռք բերել»,-ասել է նա:
Հունաստանի վարչապետն այնուհետև, անդրադառնալով Թուրքիայի նախագահի` «կբացենք դարպասները» սպառնալից հայտարարությանը, նշել է. «Ես նախագահ Էրդողանին հստակ ասել եմ, որ եթե ցանկանում է Հունաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ապա չպետք է փախստականներին այդ ձևով օգտագործի»:
Միցոտակիսն օրինակ է բերել, որ եթե ինքը զանգի Թուրքիայի առափնյա անվտանգություն և ասի, որ Հունաստանը Թուրքիայի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է հայտնաբերել, ոչ մի պատասխան չի կարողանալու ստանալ, ինչն էլ անընդունելի է և խախտում է ԵՄ-Թուրքիա միջև կնքված փախստականների համաձայնագիրը: