Թուրքիայից հավաստիացնում են, որ թուրքական զինուժի՝ Սիրիայում գտնվելը ժամակավոր որոշում է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Փաստը, որ դա համաձայնեցվել է Սոչիում և գրավոր ներկայացվել, նշանակում է միայն ժամանակավոր ստատուս քվո։ Դրանով իսկ, սակայն, անհրաժեշտ է հաշվարկել այն, որ Թուրքիան երկար ժամանակով է մնալու Սիրիայի պետական տարածքում։ Այդ մասին մենք այսօր ևս խոսեցինք, և դա մեկ անգամ ևս հաստատվեց»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը ողջունում է դա։
Մաասի խոսքով՝ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում կարևոր նշանակություն ունի այն, որ կողմերը նախ և առաջ փաստում են, որ հրադադարը պահպանվում է և կշարունակվի։
«Մեր միջև գոյություն ունեն ակնհայտ տարաձայնություններ, որոնց պետք է լուրջ վերաբերվել, բայց գործընկերները և դաշնակիցները պետք է խոսեն միմյանց հետ, այլ ոչ թե քննարկեն միմյանց։ Դա է պատճառը, որ ես եկել եմ այստեղ»,-ասել է նա։
Մաասը նաև շեշտել է, որ Բեռլինի համար Թուրքիան եղել և մնում է ՆԱՏՕ կարևոր դաշնակիցը։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցածից հետո «պետք է գործ ունենալ նոր իրողության» հետ տարածաշրջանում։ Նախարարն ասել է, որ չի կարելի սպառնալիքի տակ դնել հաջողությունը, որը ձեռք է բերվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դիմակայելիս։
«ԻՊ-ի դեմ պայքարը դեռ բնավ ավարտված չէ։ Մենք պետք է նայենք ապագային և կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի կայունացնենք իրավիճակը Սիրիայում»,-եզրափակել է Մաասը։

