Անկարայի ոստիկանության հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված գործողությունների արդյունքում Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող 17 անձ է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։
Նշվում է, որ Անկարայի ոստիկանական ստորաբաժանումների կողմից բերման ենթարկված անձինք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «ներքին անվտանգության գործողությունների շրջանակում» արևելյան Աղրը նահանգի ոստիկանական հրամանատարության կողմից օպերացիա է իրականացվել օդուժի աջակցությամբ:
Նշվում է, որ այդ գործողության ընթացքում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) 8 զինյալ է սպանվել:
Ներքին գործերի նախարարության գրավոր հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրք ուժայինները ոչնչացրել են նաև քուրդ զինյալների զենքերը:

