ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպայան խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այսօր Երևանում ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեցին հանդիպման արդյունքները:
Վարչապետը նշեց, որ քննարկումն արդյունավետ էր և անդրադարձել են ՀՀ-ԵՄ բոլոր հարցերին ու ճյուղային համագործակցությանը, տարածաշրջանային հարցերին։
Նիկոլ Փաշինյանը հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարում իրենց վճռականությունը, խոսեց անկախ դատաիրավական համակարգի կառուցման ջանքերի մասին և երախտագիտություն հայտնեց ԵՄ օժանդակության համար։
«Հայաստանը հաստատում է ԵՄ հետ պայմանավորվածությունները: Խոսել ենք ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացքի մասին»,- ասաց վարչապետը:
ՀՀ վարչապետը հայտնեց, որ Տուսկի հետ հանդիպմանը խոսք է եղել ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման մասին, Հայաստանի շահագրգռվածության մասին։ Փաշինյանը Տուսկին կոչ արեց աշխատել եվրոպական կողմի հետ այս հարցում: ՀՀ կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց Արցախյան հակամարտության հարցում ԵՄ հավասարակշիռ կեցվածքի ու ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին աներկբայորեն աջակցելու համար:
Տուսկը նշեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ հեղափոխությունից հետո, և լավ հնարավորություն է համագործակցության համար։
«Խոսել ենք համաձայնագրի իրականացման ընթացքի մասին»,- ասաց նա: Նա նաև հավելեց, որ իրենք անդրադարձել են իրավունքի գերակայության և կաշառակերության դեմ պայքարին։
«Եվրոպական կողմն աջակցում է անկախ դատաիրավական համակարգի ստեղծման աշխատանքներին։ Քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ կառույցի ստեղծումը, և 2019-ին Եվրոպան կրկնապատկել է աջակցությունը Հայաստանին, և այդ օգնությունն ուղղվելու է ենթակառուցվածքներին»,- նշեց նա։ ԵԽ նախագահը հավելեց, այդ առիթով երեկոյան այցելելու է Սևան:
Եվրոպական խորհրդի նախագահը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը քննարկել են նաև ԼՂ խնդիրը, ու եվրոպական կողմն ուրախ է վերջին զարգացումների ու հումանիտար համագործակցության առիթով։
«Այնուամենայնիվ, եվրոպական կողմը կիսում է ԵԱՀԿ ՄԽ կարծիքը վերջին շրջանում մարդկային զոհերի հետ կապված։ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ին ու կողմ է Հելսինկյան եզրափակիչ ակտի ներքո հարցի կարգավորմանը»,- հայտնեց Տուսկը: