fbpx
Քաղաքականություն

Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին․ Նիկոլ Փաշինյան

Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին, որովհետև եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրեին, որ Գագիկ Ծառուկյանը զանգի ինձ ու խնդրի, որ ես Երևանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ եթե նրանք շեյխի ներկայացուցիչ էին, կարող էին դեսպանատան միջոցով դիմել։

«Այո, Գագիկ Ծառուկյանը զանգել է ինձ և ասել է, որ խոշոր ներդրողներ են, ես Երևանի քաղաքապետին զանգել եմ և նա կիրակի օրով ընդունել է: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանն ինձ ասել է, որ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են: Երևանի քաղաքապետը արարողակարգային կարգով, հաշվի առնելով նաև իմ զանգը, ընդունել է որպես պաշտոնական ներկայացուցիչ:

Նախ, շատ տարօրինակ է եղել, որ այդ մակարդակի մարդիկ Երևանի քաղաքապետի հետ գալիս են ընդունելության ջինսերով, բոթասներով և մայկաներով: Սա, կարծում եմ՝ վերաբերմունք է պետական ինստիտուտին»,-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ նրանք ասել են՝ Երևանի կենտրոնում հող ենք ուզում բիզնես դնելու համար։

«Երևանի քաղաքապետարանն ասել է, որ ցավոք, ձեր նշած տարածքներում հող Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ չկա: մասնավորը գուցե ունենա, պետք է գնել:

Հընթացս, երեք հյուրերն էլ պարզվել է հեռախոս են ունեցել մոտները և զանգ են ստացել: Երբ քաղաքապետը նրանց ներկայացնելիս է եղել այդ հնարավորությունները, սկզբից մեկն է սկսել հեռախոսով խոսել: Քաղաքապետը ստիպված է եղել ընդհատել խոսքը, սապասել, հետո երկրորդի հեռախոսին է զանգ եկել: Բայց երբ որ երրորդին էլ է զանգ եկել, քաղաքապետն ասել է, որ ենթադրում եմ, որ այս խոսակցությունը այլևս հետաքրքիր չէ ձեզ»,-պատմել է վարչապետը:

Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքապետը ճիշտ է արել։

«Որովհետև եթե մարդիկ կան, որ թույլ են տալիս, որ իրենց հետ այդպես վարվեն, և իրենց համար Հայաստանի պետականությունը դա է, որ պետք է ջինսով, բոթասով մտնեն, քաղաքապետին ասեն՝ դու ստեղից էնտեղ գնա, այդ ժամանակները պրծել են:

Եթե ՀՀ-ում այդպիսի քաղաքապետներ, նախարարներ են եղել, որոնց հետ այդպիսի հարաբերություններ են ունեցել, իրենց ժամանակն ավարտվել է վաղուց»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ