Մշակույթ

DOI թվային օբյեկտների նույնականացման համակարգ՝ Ազգային գրադարանում

Հայաստանի ազգային գրադարանի և «Publishers International Linking Association, Inc.» (PILA) ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ PILA-ի պաշտոնական գրանցված կազմակերպությունը մատուցելու է CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգին միանալու ծառայություններ։ Դա հնարավորություն է տալու թվային օբյեկտի նույնականացման (Digital Object Identification՝ DOI) միջոցով ապահովել համաշխարհային գիտական հրապարակումների խաչաձև կապը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

DOI-ն թվային միջավայրում օբյեկտների նույնականացման համակարգ է, որն ապահովում է նյութերի նույնականացման, բովանդակության և մետատվյալների կառավարման գործընթացը և մեծապես հեշտացնում է գիտական նյութերի որոնումն ու մեջբերումը:

DOI-ը վեբ կայքի համապատասխան էջի նույնականացուցիչ է, որը հնարավոր չէ փոխել կամ ջնջել: Կայքը կարող է ջնջվել, դրա բովանդակությունը կարող է փոխվել, բայց էջը, որին նշանակվել է DOI համարանիշ, մնում է անփոփոխ: DOI-ի նշանակումը դրականորեն է ազդում հեղինակի կամ հրատարակչի հեղինակության վրա, քանի որ ստանալով DOI նույնականացուցիչ՝ նյութը կարող է տեղադրվել աշխարհի առաջատար գիտական մատենագիտական շտեմարաններում` Scopus, Web of Science և այլն:

Բացի դրանից՝ եթե DOI ստացած հոդվածը մեջբերվում է նշված շտեմարաններում ընդգրկված որևէ ամսագրի կողմից, այն նույնպես մուտքագրվում է այդ շտեմարաններում, ինչն էապես մեծացնում է դրա նշանակությունը: DOI համարանիշի տրամադրումն ապահովում է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ