Առողջապահական նոր մոտեցում. կանխարգելում՝ նախքան ախտանիշների ի հայտ գալը
Surrey and Borders Partnership NHS Foundation Trust-ը դարձել է Եվրոպայում առաջին հաստատությունը, որը միացել է Ալցհեյմերի հիվանդության կանխարգելմանը նվիրված միջազգային կլինիկական փորձարկումներին: Ի տարբերություն ավանդական հետազոտությունների, որոնք ուղղված են հիվանդության ախտանիշների մեղմմանը, այս փորձարկումը ուսումնասիրում է Trontinemab դեղամիջոցի արդյունավետությունը առողջ անձանց մոտ հիվանդության զարգացումը կանխելու գործում:
BBC-ի տվյալներով՝ հետազոտությանը նախատեսվում է ներգրավել 1600 մասնակից՝ 55-80 տարեկանների շրջանակից: Թեև մասնակիցները ներկայումս որևէ հիշողության կամ ճանաչողական խնդիրներ չունեն, նրանց մոտ արյան անալիզների միջոցով հայտնաբերվել են հիվանդության կենսաբանական մարկերներ: Surrey and north east Hampshire տրաստը հայտնել է, որ մասնակիցներ է հավաքագրում Մեծ Բրիտանիայի ողջ տարածքից:
Նյութը պատրաստվել է BBC-ի հրապարակած տեղեկությունների հիման վրա։
Գիտական նորարարություն՝ սպիտակուցների դեմ պայքարում
PrevenTron անվանումը ստացած այս հետազոտությունը թիրախավորում է ուղեղի բջիջների միջև կուտակվող բետա-ամիլոիդ սպիտակուցը, որը հանգեցնում է վնասակար նստվածքների առաջացմանը: Բացի այդ, գիտնականները կիրառում են արյան թեստեր՝ հայտնաբերելու «տաու» սպիտակուցի մակարդակը, որը թույլ է տալիս կանխատեսել Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ:
Հետազոտության գլխավոր քննիչ, պրոֆեսոր Ռամին Նիլֆորուշանը նշել է, որ այս ուսումնասիրությունը հիմնարար փոփոխություն է ոլորտում. «Տասնամյակներ շարունակ հետազոտությունները կենտրոնացած են եղել Ալցհեյմերի բուժման վրա այն բանից հետո, երբ ախտանիշներն արդեն ի հայտ են եկել: Այս փորձարկումը լուծում է այլ խնդիր՝ կարո՞ղ ենք մենք գործել ավելի վաղ՝ մինչև ախտանիշների սկիզբը»:
Հեռանկարներ և ծավալներ
Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Մեծ Բրիտանիայի ավելի քան 15 հիվանդանոցներ և կլինիկաներ (ներառյալ Շոտլանդիայում և Ուելսում) կմիանան այս ծրագրին: Փորձարկումը կտևի չորսից վեց տարի՝ հնարավորություն տալով գնահատել դեղամիջոցի երկարաժամկետ արդյունավետությունը: Հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիայում դեմենցիայով տառապողների թիվը գերազանցում է 982 հազարը, այս հետազոտությունը կարող է վճռորոշ լինել հիվանդության դեմ պայքարի ռազմավարության փոփոխման գործում:

