ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել էներգետիկայի ոլորտում իր օգնության առաջին մասը, երկուշաբթի հայտարարել են Սպիտակ տան ներկայացուցիչները։ Վաշինգտոնը, Ռուսաստանի սաստկացող գրոհներից հետո, շարունակում է աշխատել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքին աջակցելու ուղղությամբ, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Ըստ աղբյուրներից մեկի՝ առաջին տրանշը ներառել է մոտ 13 մլն դոլարի էներգետիկ սարքավորումներ։ Իրավիճակին ծանոթ մյուս աղբյուրը տեղեկացրել է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգներից կթռչի սարքավորումներով բեռնված երկու ինքնաթիռ։
Հոկտեմբերից Ռուսաստանը լայնամասշտաբ գրոհներ է իրականացնում ուկրաինական էներգետիկ եւ ջեռուցման ենթակառուցվածքի դեմ։ Ինչպես կարծում են Կիեւը եւ նրա դաշնակից տերությունները, այդ հարվածներն իրականացվում են միտումնավոր եւ ուղղված են քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելուն։
ԱՄՆ-ը և արեւմտյան դաշնակիցներն Ուկրաինային տրամադրել են ֆինանսավորում եւ սարքավորումներ երկրի էներգետիկ կայունությունը բարձրացնելու համար։ Ռուսաստանի գրոհները միլիոնավոր մարդկանց ձմռան ցրտին թողել են մթության մեջ եւ առանց ջեռուցման։