ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է 2026 թվականի պաշտպանական բյուջեն, որը նախատեսում է Ուկրաինային տրամադրել 400 միլիոն դոլար ռազմական աջակցություն։ Նույն գումարը նախատեսվում է նաև 2027 թվականի համար։ Ըստ The Hill-ի հրապարակած օրենքի նախագծի՝ ընդհանուր բյուջեն կկազմի 901 միլիարդ դոլար, որը ներառում է նաև զինծառայողների աշխատավարձերի 3.8%-ով բարձրացում և ռազմական տեխնոլոգիաների զարգացման ծրագրեր։ Օրինագիծը նաև ընդգրկում է Ռուսաստանի և Չինաստանի ռազմական նպատակների գնահատման պահանջ։
Մյուս կողմից, Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ 700 միլիոն եվրո ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Այս գումարը մաս է կազմում ավելի լայն ծրագրի, որը նախատեսում է մինչև 2026 թվականը Կիևին հատկացնել 2 միլիարդ եվրո։ Նիդեռլանդների պաշտպանության և արտաքին գործերի նախարարները նշել են, որ 500 միլիոն եվրոն կտրամադրվի Պաշտպանության նախարարության բյուջեից, իսկ 200 միլիոն եվրոն՝ Արտաքին գործերի նախարարությունից։ Սակայն նրանք զգուշացրել են, որ 2026 թվականին լրացուցիչ միջոցներ գտնելը կարող է դժվար լինել։

