Ուլե Գունար Սուլշերն «Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունից (1-2) հետո հայտարարել է, որ լավագույն քառյակում հայտնվելու համար «Յունայթեդը» մնացած 6 խաղում պետք է 15 միավոր վաստակի:
«Մենք պետք է հաղթեինք և 3 միավոր վաստակեինք, սակայն ինքներս ենք մեղավոր պարտության համար:
Նախքան երկրորդ գոլը բաց թողնելը շատ լավ էինք խաղում: Պատասխան գոլից հետո փոքր-ինչ լարված էինք, սակայն կարողացանք հավաքվել և մի քանի լավ պահ ստեղծել:
Հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո ասել էի, որ մենք պետք է 8 խաղում 18 միավոր վաստակենք, որպեսզի հայտնվենք լավագույն քառյակում: «Ուոտֆորդի» դեմ խաղում 3 միավոր վաստակեցինք, իսկ այժմ պետք է 15 միավոր վաստակել առաջիկա 6 խաղում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»,- Սուլշերի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» ունի 61 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: