ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը շաբաթ օրը քայլեր է ձեռնարկել՝ առաջ մղելու կրիպտոարժույթների կարգավորմանը վերաբերող կարևոր օրինագիծը։ Ըստ ԱՄՆ Սենատի մամուլի ծառայության՝ «Clarity Act» կոչվող այս փաստաթղթի շուրջ ընթացակարգային քվեարկությունը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի կեսերին՝ օգոստոսյան արձակուրդներից հետո։
Օրինագիծը նպատակ ունի ստեղծել դաշնային առաջին կանոնակարգը թվային ակտիվների համար՝ հստակ սահմանելով, թե երբ են թվային նշանները (թոքենները) համարվում արժեթղթեր կամ ապրանքներ, և որ կարգավորող մարմիններն են վերահսկելու դրանք։
Օրենքի ընդունման համար անհրաժեշտ է Սենատի 60 ձայն՝ պահանջելով հանրապետականների միասնական դիրքորոշում և առնվազն ութ դեմոկրատների աջակցություն։ Չնայած դեմոկրատական կուսակցության որոշ ներկայացուցիչների կողմից առկա ընդդիմությանը, հանրապետական առաջնորդները հույս ունեն հասնել անհրաժեշտ քանակի ձայների։ Օրինագիծը Դոնալդ Թրամփի վարչակազմի ֆինանսական քաղաքականության առաջնահերթություններից է։
Փաստաթուղթը լուրջ մտահոգություն է առաջացրել բանկային ոլորտում։ Ավանդական բանկերը փորձում են սահմանափակել այն դրույթները, որոնք թույլ կտան կրիպտոընկերություններին մրցակցել բանկային ավանդների համար՝ ստաբիլքոյնների (stablecoins) պահպանման դիմաց հատուցումներ առաջարկելով։ Մյուս կողմից, կրիպտոարժույթների ոլորտը ավելի քան 119 միլիոն դոլար է ծախսել 2024 թվականի ընտրություններում՝ աջակցելով այն թեկնածուներին, որոնք հանդես են գալիս օրենսդրական հստակեցման օգտին։
Բանակցությունները շարունակվում են, հատկապես պետական պաշտոնյաների կրիպտոարժույթային գործարքների սահմանափակումների մասով։ Օրինագծի հնարավոր ընդունումը կարող է դառնալ Թրամփի վարչակազմի համար կարևոր քաղաքական հաղթանակ՝ լրացնելով նախկինում ընդունված ստաբիլքոյնների մասին օրենքը։

