ԱՄՆ-ի միգրացիոն ծառայությունը (USCIS) մայիսի 22-ին հրապարակել է հուշագիր, որը փոխում է ԱՄՆ-ում բնակվող անձանց «կարգավիճակի ճշգրտման» (adjustment of status) գործընթացը։ Ըստ նոր քաղաքականության՝ այն այլևս չի համարվում ստանդարտ ընթացակարգ, այլ դիտարկվում է որպես «վարչական հայեցողություն»։ Սա նշանակում է, որ շատ դիմորդներ, այդ թվում՝ H-1B վիզա ունեցողներն ու ուսանողները, կարող են ստիպված լինել լքել ԱՄՆ-ն և գործընթացն անցնել իրենց երկրների հյուպատոսարաններում։
Փորձագետները նշում են, որ այս քայլը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Նախ՝ հյուպատոսարանները ներկայումս արդեն ծանրաբեռնված են, և դիմորդները կարող են տարիներով սպասել հարցազրույցների։ Երկրորդ՝ իրավաբանները կասկածի տակ են դնում այս որոշման օրինականությունը՝ նշելով, որ այն կարող է հակասել միգրացիոն օրենսդրությանը և դառնալ դատական հայցերի առարկա։ Այս փոփոխությունը բնորոշվում է որպես «հակաընտանեկան» և «խտրական»՝ ընդգծելով, որ այն կարող է խաթարել ԱՄՆ-ի տնտեսության համար անհրաժեշտ մասնագետների հոսքը։

