Հասարակություն

Վաչե Տերտերյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման խմբին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է համապետական գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման խմբին։

Իր ողջույնի խոսքում փոխնախարար Տերտերյանը կարևորել է աղետների պատրաստվածության համակողմանի գնահատման, վտանգներին դիմակայելու Հայաստանի կարողությունների և հնարավորությունների ուսումնասիրման ուղղությամբ առաքելության գործադրած ջանքերը և նշել, որ հայկական կողմը հետաքրքրված է հաղորդակից դառնալ այս ոլորտում ամերիկյան կուտակված փորձին՝ դիտարկելով դրա տեղայնացման հնարավորությունները։

Փոխնախարարը պատվիրակությանը ծանոթացրել է աղետների ռիսկերին արձագանքման, դրանց նվազեցման և կառավարման ուղղությամբ Հայաստանում իրականացվող միջոցառումներին ու ծրագրերին և միաժամանակ ընգծել, որ այդ գործի ռազմավարական պլանավորման կարևորագույն օղակներից են հանդիսանում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։

Պատվիրակներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և հավաստիացրել, որ ամերիկյան կողմը պատրաստակամ է իր տեսական գիտելիքներով ու գործնական փորձով աջակցել աղետների պատրաստվածությանը և արձագանքմանը նպաստող ազգային մակարդակի օրենսդրության կազմմանը, քաղաքականության, պլանների և ծրագրերի մշակմանը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ