Փաստաբան Նորայր Նորիկյանը իր Facebook-ի իր էջում կատարված գրառման միջոցով խոսել է «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած շուրջ 20 դատապարտյալներից մեկի մասին։
Նա նշել է, որ վերջինս հանդիսանում է «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի վստահորդը։
«Ս․ թ․ մարտի 9-ին համապատասխան բողոք է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել բողոքարկվող որոշումները և որոշում կայացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին։
Դատական նիստերը չեն կայանում կորոնավիրուսի պատճառով։
Հարկ եմ համարում արձանագրել, որ իմ պաշտպանյալն ունի մի շարք առողջական խնդիրներ։
Նրա մոտ ախտորոշվել է թվով 11 հիվանդություն։ Ընդհանուր առմամբ, հարկ եմ համարում արձանագրել, որ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ գործող չափորոշիչները, ըստ էության, կտրված են իրականությունից և հնարավորություն չեն տալիս իրապես ապահովելու այդ ինստիտուտի լիարժեք կայացմանը», – գրել է Նորիկյանը։
Նրա խոսքով՝ այս դեպքում քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից կազմված զեկույցների բովանդակությունների և եզրակացությունների միջև առկա են ակնհայտ անհամապատասխանություններ։
«Մի կողմից նշվում է, որ դատապարտյալը բնութագրվում է դրականորեն, և ըստ էության, չունի որևէ կարգապահական խախտում, մյուս կողմից՝ անհասկանալի կերպով եզրակացվում է, որ պատժի կրման ընթացքում դրսևորել է բացասական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է։ Խորապս համոզված եմ՝ եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացը կայանա, չկրի ձևական բնույթ, կայացվող որոշումները լինեն օբյեկտիվ, դատապարտյալները հնարավորություն ունենան իսկապես օգտվել այդ հնարավորությունից, մենք չենք ունենա այսպիսի խորքային խնդիրներ քրեակատարողական հիմնարկներում։ Ակնկալում եմ, որ իրավասու մարմինները կանեն համապատասխան հետևություններ՝ այս իրավիճակը հաղթահարելու համար», – նշել է նա։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1328876577314310&id=100005759414165