Որևէ խնդիր չեմ տեսնում, որ Դավիթ Սանասարյանի գործը Ազգային անվտնագության ծառայության վարույթից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայության վարույթ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Տեղյակ եմ, որ պարոն Սանասարյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղափոխել վարույթը ՀՔԾ, և, անկեղծ ասած, որևէ խնդիր չեմ տեսնում այդ տեղափոխման հետ կապված, որովհետև մեկ վայրկյան կասկած չունեմ, որ մեր քննիչներն աշխատում են օրենքի շրջանակներում», – ասաց Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ ինչու ի սկզբանե քրգործը չի հարուցվել ՀՔԾ-ում, ԱԱԾ տնօրենն արձագանքեց.
«Երբ քրեական գործը հարուցվել է, ի սկզբանե ոչ թե Դավիթ Սանասարյանին է մեղադրանք առաջադրվել, այլ քրեական գործը հարուցվել է «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից իրականացված անօրինականությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հիման վրա։ Այդ ժամանակ քրգործով անցնող անձը ՀՔԾ-ի սուբյեկտ չէր հանդիսանում»։
Դիտարկմանը, որ հաճախ նշվում է, թե Սանասարյանի գործը «կարված է», ԱԱԾ տնօրենն արձագանքեց.
«Հայաստանի Հանրապետությունում 2018թ.-ի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել։ Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն և Ազգային անվտանգության ծառայությունն այդ գարծում ունի իր առանցքային դերակատարությունը։ Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջովին հիմնավորված է՝ տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով։ Չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան ու դուք բոլորդ հնարավորություն կունենաք ծանթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում և հանրությունը, լրագրողական միջավայրը, մնացած բոլոր կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»։
Անդրադառնալով հարցին, որ Սանասարյանին մեղադրանքի առաջադրումից հետո, գործով բոլոր կալանավորվածներն ազատ են արձակվել, ԱԱԾ տնօրենը նշեց, օրինակ, Դավիթ Ադյանի դեպքում, իրենք դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու ազատ արձակման վերաբերյալ որոշումը։
«Ես խնդրում եմ առհասարակ չշահարկել այդ գործը։ Մեծ աղմուկ է ստացել պարոն Սաասարյանի դեմ հարուցված գործը և իրեն մեղադրանք առաջադրելը։ Ես ուզում եմ ասել մեկ բան, ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ բոլոր լիազորություններն՝ անկախ նրանից, թե մեղադրվող անձը կլինի իմ ազգանկանը, բարեկամը, ընկերը, հարազատը, զինակիցը, եթե խախտել է օրենքը, պիտի կանգնի օրենքի առջև ու պատասխան տա։ Եթե ԱԱԾ աշխատակիցները թույլ կտան անօրինականություններ, նրանք ևս պետք է պատժվեն ու նրանց պատիժը պետք է լինի առավել քան խիստ», – ասաց Արթուր Վանեցյանը։
