fbpx
Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիեննայի հայ համայնքի հետ

«Ինձ համար այսօր մեծ պատիվ է լինել այս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակում, մեծ պատիվ է այն զգացման պատճառով, որ ես վարչապետ եմ բացառապես Հայաստանի ժողովրդի ցանկության, ընտրության բերումով»,-  երեկ Վիեննայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները իր ամենասպասված հանդիպումների թվում են:

«Իսկապես Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային և կարևորագույն իմաստն այն մթնոլորոտն է, սերն է, որ կա մեր միջև: Այսօր իսկապես շատ կարևոր է արձանագրել, թե ինչ հանգրվանի վրա է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, այն իրոք ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս կարգավիճակում ոչ թե այն պատճառով, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, այլ բացառապես այն զգացման պատճառով, որ ես ՀՀ վարչապետ եմ բացառապես ՀՀ ժողովրդի ցանկության, ընտրության բերումով: Սա ամենակարևորն է:

Մենք անընդհատ քննարկել ենք իշխանության լեգիտիմության հարցը, և այսօր այդ պնդման կարևորությունը զգում եմ իմ աշխատանքում, միջազգային հարաբերություններում: Կասկած չունեմ, որ տեղի ունեցած փոփոխությունները, ժողովրդական հեղափոխությունը մեզ բերելու է իրական, ռեալ տնտեսական քաղաքական հաղթանակների:Արդեն իսկ ամենակարևոր հաղթանակը տեղի է ունեցել. դա ժողովրդի իշխանության հաստատումն է Հայաստանի Հանրապետությունում: Այն տնտեսական ցուցանիշները, որ սկսում են այսօր երևալ, այն գնահատականները, որ մեր տնտեսական զարգացման մասին անում են միջազգային կազմակերպությունները` ցույց են տալիս, որ մենք իրար հետ հաջողելու ենք նաև տնտեսական հեղափոխության գործընթացում:

Բայց այս ամենի ամենակարևոր հիմքն աչքերի և հայացքների հեղափոխությունն է, այն հեղափոխությունը, որ տեղի է ունենում մեր հայացքներում: Մենք այսօր միմյանց աչքերում կարդում ենք փոխադարձ վստահություն, փոխադարձ սեր, փոխադարձ հարգանք և իհարկե պատրաստակամություն` լինել իրար հետ, կողքի կողքի և մեր ուսերին իրար հետ տանել մեր հայրենիքի ապագայի պատասխանատվությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ