Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Սկզբում վարչապետը նշել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից:
«Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և առաջնորդությունը, գործելով 2030 զարգացման օրակարագում: Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 հազար 485 անձ, որից ավելի քան 8 հազարը երեխաներ են: Եվ ես ուզում եմ ձևակերպել, թե որն է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վարվող քաղաքականության մեր քաղաքական մոտեցումը:
Կարևոր է, որ Հայասատանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ փոխվի հանրային վերաբերմունքը և ընկալումը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, որովհետև շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի առանցքային բաղադրիչը կարեկցանքի, գթասրտության զգացումն է: Սա, ինչպես շատ այլ դեպքերում, սխալ բանաձև է մարդկանց վերաբերմունքի նկատմամբ: Այստեղ կա ոչ միայն քաղաքական, այլև արժանապատվության, հնարավորությունների խնդիր, և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարծում եմ նաև, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվենք ոչ թե որպես բեռ պետության և հանրության կյանքում, այլ պետք է վերաբերվենք որպես մեծ պոտենցիալ և մեծ հնարավորություն:
Ընդհանրապես հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս իմ առաջ պատկերվում է Սթիվեն Հոքինգի կերպարը, որն, ըստ էության, չունենալով նույնիսկ շարժվելու, խոսելու, հաղորդակցվելու հնարավորություն, 20-րդ և նաև 21-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն է: Համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում առկա են տաղանդավոր գիտնականներ, տաղանդավոր գրողներ, տաղանդավոր արվեստագետներ, գործարարներ և բազմաթիվ այլ ոլորտների տաղանդ ունեցող բազմաթիվ մարդիկ: Հետևաբար, մեր քաղաքական խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի այդ մարդիկ իրենց տաղանդը նախ բացահայտելու, զարգացնելու և իրացնելու հնարավորություն ունենան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: