fbpx
Կառավարություն

ՀՀ վարչապետը հանդիպել է Սեյմասի նախագահին․ կարևորվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը

Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն:  Կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:

«Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումն ու ամրապնդումն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և տիկին Չիմիլիտե-Նիելսենն ընդգծել են միջխորհրդարանական կապերի կարևորությունը, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ փորձի փոխանակմանը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, դրանց արդյունավետ իրականացման գործում փոխգործակցությանը:

Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում ևս նշել, որ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լիտվական կողմը կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ:

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել Սեյմասի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ծանոթացել այնտեղ բացված հայ-լիտվական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի լիտվական մամուլում հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հրապարակումների ցուցահանդեսում ներկայացված նյութերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ