fbpx
Կառավարություն

Վարչապետի աշխատակազմից մեկնաբանել են ԼՂ-ի իշխանությունների հետ շփումները դադարեցնելու մասին լուրերը

Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է:

Նշված լուրերին անդրադարձել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով կարեւոր է համարում ընդգծել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին:

Բաղդասարյանի փոխանցմամբ՝ այս հանգամանքը հրապարակային ելույթներում եւ տարբեր ձեւաչափերում վերահաստատել է նաեւ ԼՂ նախագահը:

«Ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ դեռ 2022թ տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամի կառավարման եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ:

Աշխատանքային խմբում ընդգրկված են Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ