ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշել է կարգապահական վարույթ հարուցել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի շուրջ 6 դատավորների նկատմամբ։ Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարի կողմից կարգապահական վարույթի թիրախում է հայտնվել նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։
Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը քննվելու և վերջնական որոշումը կայացվելու է Բարձրագույն դատական խորհրդի նիստում։ Նկատենք՝ սա առաջին դեպքն է, երբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներին պատասխանատվության ենթարկելու մասին վարույթ է հարուցվում։
Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ նախարարի բարկությունը, հավանաբար, առաջացրել է Վճռաբեկ դատարանի վերջին որոշումներից մեկը, որով վարույթ չէր ընդունվել Իջևանից Դավիթ Հակոբյանի գործով նրա պաշտպանի բողոքը։
Դավիթ Հակոբյանը, հիշեցնենք, մեղադրվում էր սպանության փորձի և ապօրինի զենք պահելու համար, սակայն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով նա արդարացվել էր։ Մեղադրող դատախազին, սակայն այդ վճիռը չէր գոհացրել, և նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Վերաքննիչ դատարանում այս գործի ընթացքը փոխվում է, ու Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, մասնակիորեն բավարարել է դատախազի բողոքները, ինպես նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել և փոփոխել։
Ըստ այդ վճռի՝ Դավիթ Հակոբյանը ճանաչվում է մեղավոր ու դատապարտվում 9 տարվա ազատազրկման։
Հակոբյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը, չընդունելով Վերաքննիչ դատարանի այս որոշումը, այն համարելով ապօրինի, դիմել էր Վճռաբեկ դատարան, սակայն ՎԴ-ն վարույթ չէր ընդունել փաստաբանի բողոքը։
Փաստաբան Գուրգեն Հարությունյանը Վճռաբեկ դատարանի անգործությունը ապօրինի էր համարել և դիմել էր Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու պահանջով։
«Ակնհայտ է, որ Դավիթ Հակոբյանի վերաբերյալ արդարացման դատավճիռը բեկանելով՝ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, կայացրել է դատավճիռ, որի բողոքարկումը պետք է մատչելի լիներ ամբաստանյալի համար: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, Դավիթ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ իմվճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելով, իմ պաշտպանյալին զրկել է իր նկատմամբ կայացված ըստ էության նոր դատավճիռը օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքից, ինչը դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում է», – ասում է փաստաբան Գուրգեն Հարությունյանը։
Այդուհանդերձ, փաստաբանը մեզ ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ որոշում է կայացրել Արտակ Զեյնալյանը և հորդորեց համբերությամբ սպասել։
Փաստաբանի խոսքով՝ եթե ԲԴԽ-ն որոշի, որ Վճռաբեկ դատավորների կողմից իսկապես իրավունքի խախտում է թույլ տրվել, ապա դա հիմք է լինելու, որ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վարույթ հարուցելու համար։