Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելել է ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին լքել երկիրը և արգելափակել է հանրապետության տարածքում նրա բոլոր բանկային հաշիվները։
Դատարանը նման որոշում է կայացրել Վենեսուելայի գլխավոր դատախազ Թարեք Սաաբի խնդրանքով։ Նա հայտարարել է, որ Գլխավոր դատախազությունը Գուայդոյի հակակառավարական գործունեության հետաքննություն է սկսել։ Հաշիվների սառեցումն ու ելքի արգելքը կգործեն մինչև քննության ավարտը։
Ավելի վաղ Վենեսուելայի խորհրդարանը, որը հիմնականում կազմված է ընդդիմադիրներից, մեղադրել է գործող իշխանությանը մոտ 20 տոննա ոսկի Ռուսաստան տեղափոխելու փորձի մեջ։ Ընդդիմադիրները պահանջել են Վենեսուելայի բանկից պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում երկրի ոսկու պաշարների հետ։
Հունվարի 29-ին ԱՄՆ իշխանությունները Գուայդոյին հասանելիություն էին տրամադրել ամերիկյան բանկերում վենեսուելական կառավարության հաշիվներին։