Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
«Մենք դիմել էինք Ջոն Ֆարխոյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությամբ, դատարանն այն բավարարեց, սակայն կիրառեց այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի դիմաց ազատ արձակելը»,-հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ֆարխոյանն անցնում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի՝ կաշառք ստանալու դեպքերով հարուցված քրեական գործով: Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1 000 000-2 500 000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019 թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:
Կաշառք ստանալը քողարկելու նպատակով, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն եւ նյութական առավելություն ստանալու նպատակով՝ ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին եւ անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:
Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019 թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2 379 950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար եւ շուրջ 2 300 000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։ Վարմիշյանը որպես կասկածյալ հարցաքննվելիս խոստովանել է հանցագործության կատարումը: