Վինիսիուս Ժյունիորը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ, քանի դեռ իր և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հարաբերությունները լարված են մնում։ Այս որոշման մասին նա հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին դեռևս հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ։ Հաղորդվում է, որ Ժյունիորը դժգոհ է Ալոնսոյի որոշումներից՝ կապված իր խաղաժամանակի ու դիրքի հետ, ինչը հատկապես սրվեց ՊՍԺ-ի դեմ պարտությունից հետո, երբ նա խաղաց իր ոչ նախընտրելի աջ եզրում։ Ընթացիկ մրցաշրջանում նա ընդամենը հինգ խաղ է ավարտել ամբողջությամբ՝ չորս անգամ մեկնարկելով պահեստայինների նստարանից։
Պայմանագրի երկարաձգման բանակցությունները փակուղի են մտել։ «Ռեալը» առաջարկել է բարձրացնել աշխատավարձը մինչև 20 միլիոն եվրո, սակայն Ժյունիորի ներկայացուցիչները պահանջել են պատմական պայմանագիր՝ մոտ 30 միլիոն եվրո տարեկան։ Սակայն ֆինանսական տարաձայնություններից առավել, ըստ աղբյուրների, խնդիրը հենց մարզչի հետ հարաբերություններն են։ Ակումբը հուսով է, որ հաջող արդյունքները կօգնեն վերականգնել վստահությունը, սակայն այս պահին կողմերի դիրքորոշումները չեն փոխվել։ Ժյունիորի ապագան մնում է անորոշ, իսկ ակումբում լարվածությունը՝ աճող։

