fbpx
Հասարակություն

Վիրահայոց թեմի առաջնորդը հրաժեշտի ուղերձ է հղել

Վիրահայոց թեմի առաջնորդը հրաժեշտի ուղերձ է հղել․

«Վիրահայոց թեմի սիրելի հոգևոր սպասավորներ և հավատացյալներ,

2002 թվականի սեպտեմբեր ամսից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, նշանակվեցի Վիրահայոց թեմի առաջնորդ: Թե ինչպիսի վիճակում էր Վիրահայոց թեմն այդ շրջանում, քաջածանոթ է ամենքիդ:

Աստծու ողորմածությամբ անցնող 17 տարիների ընթացքում, հոգևոր սպասավորների, թեմի պաշտոնեության ու հավատացյալների մասնակցությամբ և մեր ազնիվ բարերարների աջակցությամբ, Վիրահայոց թեմում վերանորոգվեցին և կառուցվեցին տասնյակ եկեղեցիներ, որոնց շարքում՝ Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Թեմի համայնքներում տեղադրվեցին մի քանի տասնյակ հուշարձաններ և խաչքարեր, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում ու Բաթումիում՝ նվիրված Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների, Հայրենական Մեծ պատերազմում և Արցախի ազատագրման համար զոհված հայորդիների հիշատակին և Սարդարապատի հաղթանակի 100-րդ տարեդարձին:

Հավատացյալների հոգևոր խնամքը հոգալու նպատակով, համայնքներում նշանակվեցին մնայուն կամ այցելու հոգևոր հովիվներ, որոնց նվիրյալ ծառայության արդյունքում տեղերում վերածնունդ ապրեցին եկեղեցական, ազգային ծեսերն ու ավանդույթները: Այսօր թեմում ծառայություն են մատուցում երկու վարդապետ, մեկ աբեղա, տասնվեց քահանա և ութ սարկավագ: Մեր կողմից աշակերտներ ուղարկվեցին Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան և Սուրբ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Ժառանգավորաց վարժարան ուսումնառության, որով հոգացվեց թեմի՝ հոգևոր սպասավորների պահանջարկը:

2012 թվականին թեմը Վրաստանի պետռեեստրում գրանցվեց՝ որպես հանրային իրավունքի սուբյեկտ և ձևավորեց գործնական հարաբերություններ պետական և իրավական դաշտում:

Թեմի կառավարման արդյունավետության նպատակով առաջնորդարանում հիմնվեցին իրավական հարցերի և համագործակցության, կրթության, մամլո և լրատվության, մշակույթի, երիտասարդության հարցերի, ֆինանսական և վարչատնտեսական բաժիններ: Այսօր Թբիլիսիի առաջնորդարանում, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդարանում, բաժիններում, կրթամշակութային կենտրոններում և եկեղեցիներում աշխատում է շուրջ 250 մարդ:

2011 թվականին Թբիլիսիում բացվեց «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը, որին հետևեց նոր կենտրոնների հիմնումը Բաթումիում, Ռուսթավիում և Սամցխե-Ջավախքում, որոնց շուրջ համախմբվեցին հազարավոր մանուկներ, պատանիներ ու երիտասարդներ: Կենտրոններում գործում են նախակրթարաններ, մեկօրյա դպրոցներ, երգի, պարի, դուդուկի, դհոլի, ժողովրդական արվեստի և թատերական խմբակներ: Համազգային նշանակություն ունեցավ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան ձեռք բերումը և տեղում գիտական, մշակութային կենտրոնի հիմնումը:

Հոգ տարվեց ժողովրդի հայապահպանության, հոգևոր-ծիսական և սոցիալական կարիքների մասին: Իրականացվեց հրատարակչական գործունեություն, կյանքի կոչվեցին հազարավոր բազմաբնույթ միջոցառումներ, որոնք լայն տարածում գտան հավատացյալների շրջանում, իսկ որոշները ընդգրկվեցին Հայաստանի և Վրաստանի պետական ծրագրերում: Թեմը գործուն մասնակցություն է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում պետության կողմից կազմակերպված բազմաթիվ ծրագրերի: Վրաստանի ողջ տարածքում ազգային, մշակութային կյանքը հիմնականում կենտրոնացավ եկեղեցու շուրջ:

Հակառակ բոլոր դժվարություններին, Վրաստանի պետական և դատական ատյաններում, ինչպես նաև միջազգային հարթակներում, բարձրացվեցին մեր պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերը: Հիմնավոր փաստաթղթեր ներկայացվեցին Վրաստանի իշխանություններին՝ թեմում գործող 60 եկեղեցիները և մատուռները պաշտոնապես թեմին վերադարձնելու նպատակով:

Մեր մնայուն ուշադրության և հոգածության ներքո են գտնվել խորհրդային տարիներին բռնազավթված և թեմին չվերադարձված հայկական պատմական կանգուն և խոնարհված տաճարները, որոնց պահպանության և օրինական տիրոջը

վերադարձնելու խնդրով բազմիցս դիմել ենք Վրաստանի իշխանություններին և Պատրիարքարանին: Այսօր էլ առաջնորդարանը հետևողականորեն շարունակում է բանակցությունները մեր նախնիների կողմից ստեղծված հոգևոր ժառանգության պահպանության և թեմին վերադարձնելու հարցերով:

Ամուր և գործնական կապեր են հաստատվել Մայր Հայրենիքի, Վրաստանի իշխանությունների և Պատրիարքարանի, Վրաստանում գործող կրոնական այլ կառույցների և կրթամշակութային տարբեր հաստատությունների հետ, իրականացվել են բազմաթիվ համատեղ հոգևոր, մշակութային, կրթական, երիտասարդական ծրագրեր: Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Վրաստանի իշխանությունների կողմից վերջին տարիներին հատկացված նյութական միջոցների շնորհիվ թեմը շարունակում է իր հոգևոր, կրոնական, կրթական, մշակութային գործունեությունը:

2001 թվականից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հիմնված Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը, 2014 թվականին, Հոգեշնորհ Տեր Բաբգեն վարդապետ Սալբիյանի փոխանորդության շրջանում, իրավաբանորեն գրանցվեց Վրաստանի հանրային ռեեստրում: Այսօր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում գործում են 48 եկեղեցիներ ու մատուռներ, ծառայություն են մատուցում տասներեք հոգևորականներ: Փոխանորդությունում գործում են փոխառաջնորդարանը, չորս կրթամշակութային և երիտասարդական կենտրոններ, որոնք ապահովված են անհրաժեշտ աշխատակազմով և նյութատեխնիկական ռեսուրսներով: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նոր փոխանորդի՝ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի նշանակումը հոգևոր նոր լիցք հաղորդեց Ջավախքի հավատավոր մեր ժողովրդին:

Վիրահայոց թեմում մեր առաջնորդության ողջ շրջանում մշտապես կարևորվել են հայ-վրացական եկեղեցական և մշակութային կապերը, որոնց ամրապնդման նպատակին էին ուղղված 2003 թվականին մեր նախաձեռնությամբ իրականացված Համայն Վրաց Պատրիարք Իլիա Բ-ի այցը Հայաստան և 2011 ու 2015 թվականներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցերը Վրաստան: Խորապես համոզված ենք, որ Հին Արևելյան Ուղղափառ քույր Եկեղեցիները պիտի

շարունակեն ձեռք-ձեռքի տված ամրապնդել մեր նախնիների բարի ավանդությունները և սրբության պես այն փոխանցեն սերունդներին: Աղոթում ենք երկու եկեղեցիների հովվապետերի արևշատության համար:

Վրաստանի բարձր ղեկավարության այցելությունները Վիրահայոց թեմի եկեղեցիներ և առաջնորդարան խոսուն վկայությունն են երկու ժողովուրդների և պետությունների բարեկամության ու քրիստոնեական ժառանգության միասնական արժեքների դավանման:

17 տարիների առաջնորդական ծառայության մեծագույն ձեռքբերումներից մեկը համարում ենք հավատացյալների թվի ավելացումը եկեղեցիներում և նրանց աղոթքներով գործող տաճարները շեն ու պայծառ պահելը: Պատմության բոլոր ժամանակներում, մանավանդ եկեղեցու առջև ծառացած դժվարին ժամանակահատվածներում, անդավաճան, անկաշառ, անձնազոհ նկարագրով մնում է հայ հավատացյալը: Մեզ համար մեծ մխիթարություն է Վրաստանում և նրա մայրաքաղաք Թբիլիսիում տեսնել նման կերտվածքով Աստվածավախ ու Քրիստոսասեր հավատացյալների: Մեր հավատացյալների աղոթքներով է, որ կանգուն ու անսասան է մեր հոգու տաճարը: Սա Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու մեծագույն հարստությունն է:

Սիրելի հոգևոր սպասավորներ և հավատացյալներ, երբ արդեն Վիրահայոց թեմը կայուն գործունեություն է ծավալում՝ եկեղեցիներով, հոգևոր սպասավորներով, առաջնորդարանով, փոխառաջնորդարանով, թեմական կառույցներով, կառավարման հստակ կառուցվածքով՝ իր բաժիններով, կրթամշակութային կենտրոններով, անհրաժեշտ պաշտոնյաներով, մնայուն նյութական հոգածությամբ, ավարտելով թեմակալ առաջնորդի պարտականությունները Վիրահայոց թեմում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, տեղափոխվում ենք ծառայության Մայր Հայրենիք – Մայր Աթոռ:

Սիրելիներ, նվիրական այս պահին հայցում ենք նաև մեր ժողովրդի ներողամտությունը, որ միշտ չէ, որ կարողացել ենք արդարացնել ձեր սպասումներն ու ակնկալիքները, միշտ չէ, որ հնարավոր է եղել դարմանել և սպեղանի դնել ձեր սգակիր սրտերին և խնամքի կարոտ հոգիներին:

Հավատավոր մեր հայորդիներին փոխանցում ենք սեր ու օրհնություն, քաջալերանք ու գոտեպնդում, և հորդորում առավել ջերմեռանդորեն այցելել

եկեղեցի, տեր կանգնել պատմամշակութային մեր բազմադարյա ժառանգությանը, համախմբվել Աստծուց մեզ ժառանգություն տրված Հայոց Եկեղեցու շուրջ: Հորդորում ենք ձեզ հոգևոր սպասավորների, թեմի պաշտոնեության և համայնքային ազնիվ գործիչների առաջնորդությամբ ամուր պահել կապը Մայր Հայրենիք Հայաստանի և Սուրբ Էջմիածնի հետ, մնալ Վրաստան երկրի ազնիվ և օրինապահ քաղաքացի, կերտել առավել ուժեղ և միասնական համայնք ու միմյանց փոխանցել խաղաղություն, սեր, ներողամտություն և բարություն:

Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում թեմի հոգևոր դասին, որոնց հետ տարիների ծառայության ընթացքում կիսեցինք մեր դժվարությունները, միասին տոնեցինք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները, միասին պայքարեցինք՝ կերտելու համար Վիրահայոց պատմական թեմի նոր առաքելությունը: Համատեղ ուժերով ձեռք բերեցինք փորձառություն, տեր կանգնեցինք մեր պատմամշակութային ժառանգությանը, ձմռան ցրտաշունչ և ամռան շոգ օրերին նույնիսկ շարունակեցինք մեր ժողովրդի քրիստոնեական ու կրոնական խնամատարության սուրբ գործը: Անցնող տարիներին ունեցանք նաև հոգևոր սպասավորների կորուստներ և այս պահին մեր սրտի խորքերում աղոթում ենք նրանց հոգու խաղաղության և փրկության համար:

Հայցում ենք Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը Հայաստանի և Վրաստանի համար: Թող Աստված խաղաղ պահի հնամենի քաղաքակրթություն ունեցող մեր ժողովուրդներին: Մեր երախտագիտությունն ենք բերում Վրաստանին, որ հազարամյակներով խնամք է տարել այս սրբազան հողում ապրող մեր ժողովրդի նկատմամբ:

Անցնող տարիների ծառայությունը Վրաստանում հարստացրեց ինձ նոր բարեկամներով, մարդկանց ջերմությամբ ու հոգատարությամբ, ուստի Վրաստանի, վրաց ժողովրդի, Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու և վրացահայ բարեխնամ մեր ժողովրդի համար մշտապես աղոթք կբարձրացնեմ Մայր Տաճար Սուրբ Էջմիածնում:

Թող Ամենախնամ Աստծու օրհնությունը, սերն ու խաղաղությունը ու բարությունը լինի բոլորիդ։ Ամեն»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ