ՀՀ և ԵՄ միջև այսօր արդեն գործում է վիզաների դյուրացման, դրան զուգահեռ՝ ռեադմիսիայի պայմանագիր: Այս մասին խորհրդարանում 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ դրանք ստորագրվել են 2013 թ., միտված են նույն նպատակին՝ դյուրացնելու մարդկային շփումները:
«Մենք ԵՄ հետ ունենք ծավալուն օրակարգ, միջկառավարական մակարդակով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, բայց լուրջ խորություն տալու համար մարդկային շփումները գերակա են, լրջագույն հարց են: Հարաբերություններն առաջին հերթին խորացնում են մարդիկ: Սա մեր մոտեցումն է: Երբ ստորագրում էինք պայմանագիրը, այն ժամանակ նույնպես խոսում էինք սրա մասին, նաև, որ՝ այո, դժբախտաբար կան այս պայմանագրի չարաշահողներ: Որևէ դեպքում ՀՀ իշխանությունները չեն խրախուսում որևէ չարաշահում, այլ հակառակը, դրա համար գործում է նաև ռեադմիսիայի պայմանագիր»,- ասաց նա:
Մնացականյանը նշեց՝ այս տրամաբանությամբ է նաև, որ Հայաստանը շարժվում է դեպի վիզաների ազատականացման գործընթացի, երկխոսության սկիզբ, տեղեկացրեց՝ իրականացնում են բոլոր միջոցառումները, որ իրենց կողմից վերահսկման մեխանիզմներն ուժեղացնեն, քանի որ առաջնայինը մարդկային շփումների դյուրացումն է, ընդլայնումը:
«Միևնույն ժամանակ, մենք շատ զգայուն ենք ու վճռական, որ որևէ կերպ դա չի լինելու չարաշահման քաջալերում, քանի որ հենց չարաշահողներն են, որ մեզ համար խնդիր են ստեղծում վիզաների լեգալացման գործընթացի ժամանակ: Այն բոլոր գործողությունները, որոնք իրականացնում ենք, փորձում ենք ակտիվացնել ու արագացնել այդ գործընթացը՝ երկխոսության միջոցով ի ցույց դնելու, թե ինչեր են արվել Հայաստանի կողմից, միասին տեսնելու՝ որոնք են թույլ կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել, և որտեղ ավելի վստահ ենք, որ կարող ենք ավելի առաջ մղել երկխոսության մեկնարկը»,- նշեց նախարարը: