Վլադիմիր Պոզները խոսել է Նիկոլ Փաշինյանի մասին

Հրապարակող՝

kongresakan

Ամենադիտվածներ

Հայտնի ռուս գրող և լրագրող Վլադիմիր Պոզները «Ժամ» պարբերականի հետ հարցազրույցում կիսվել է Հայաստանի, հայկական մշակույթի մասին իր հիշողություններով, տպավորություններով և կարծիքով՝ պատմելով նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին:

ՀՀ վարչապետի հետ հանդիպումից իր ստացած տպավորությունների մասին խոսելիս լրագրողը խոստովանել է. «Նա, իհարկե, բավականին պայծառ անձնավորություն է, անկասկած… Սակայն չէ որ շատ նկատելի էր, թե ինչպես են բոլորը քծնում նրան, ինչպես են ցանկանում ասել այն, ինչ նա է ցանկանում լսել…խելագարվելու չափ»:

Վլադիմիր Պոզների խոսքով՝ մարդկանց հակվածությունը քծնանքին տարբեր է:

«Ոմանք շատ կայուն են, մյուսները՝ ոչ: Սակայն անգամ ամենակայունները, եթե երկար ժամանակ իշխանության ղեկին են լինում և նրանց մշտապես ներշնչում են, որ իրենք հանճարներ են, ի վերջո սկսում են հավատալ դրան»,-նշել է նա:

Լրագրողը խոստովանել է, որ եթե ինքը լիներ իշխանության, ապա կհեռացներ յուրաքանչյուրին, որը կքծներ իրեն:

Ընդ որում՝ հայտնի լրագրողն ընդգծել է, որ Փաշինյանը «բավականին համակրելի մարդ է, և նրա հետ զրուցելը հետաքրքիր էր»:

«Պոզներ» հաղորդաշարի եթերում Հայաստանի վարչապետի հետ հարցազրույցի հավանականության մասին խոսելիս լրագրողը նշել է, որ պաշտոնատար անձանց հարցազրույցի հրավիրելիս պետք է շատ զգույշ լինել:

«Պաշտոնատար անձանց հրավիրելիս պետք է զգուշավորություն ցուցաբերել, իրավիճակը չբարդացնել և չվնասել»,-նշել է նա՝ հիշեցնելով Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև բարդ հարաբերությունների մասին:

Վլադիմիր Պոզները պատասխանել է նաև Արցախի մասին հարցերին և անգամ մեկնաբանել Յուլի Գուսմանի հետ բանավեճը «Պոզներ» հաղորդման ժամանակ, երբ նա ասել էր Գուսմանին, որ Բաքվում «կոտորել են հայերին»:

«Լսեք, դա այն պատճառով չէ, որ նրանք հայեր են: Ես դեմ եմ մարդկանց նկատմամբ ծաղր ու ծանակին, առավել ևս դաժանությանը: Հայերը, հրեաները, վրացիները, կարևոր չէ՝ ով: Թաիլանդացիները, չինացիները, կարևոր չէ: Ես դեմ եմ: Եվ այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում այդ տարիներին, բացարձակապես անընդունելի է: Ես չգիտեմ՝ Ադրբեջանի իշխանությունները ներողություն արդյոք խնդրել են, ցավակցել են արդյոք: Սակայն փաստ է, որ դա տեղի է ունեցել: Դա սարսափելի, արյունոտ կոտորած է եղել»,-նշել է ռուս լրագրողը:

Նա պատմել է, որ այդ տարիներին իր տանն ընդունել է երկու տարեց հայուհիների, որոնց Բաքվում կատաղած ամբոխից փրկել էր ադրբեջանցի մի ոստիկան: Կանայք մեկ տարի նրա տանն են ապրել:

Ինչ վերաբերում է Արցախ այցին, Պոզների խոսքով, եթե հանգամանքների բերումով նա հասկանա, որ իմաստ ունի իր՝ որպես լրագրողի համար, Ղարաբաղ մեկնել, նա կմեկնի: «Ես բնավ չեմ մտահոգվում, որ որևէ մեկին դուր չի գա»,-ընդգծել է Պոզները:

Հայտնի լրագրողը նաև կիսվել է Հայաստանի և հայկական մշակույթի մասին իր ամենավառ հուշերով:

Նա պատմել է, որ առաջին անգամ ժամանել է Հայաստան 1975 թվականին, և այդ ճանապարհորդությունը կապված է Մարտիրոս Սարյանի ստեղծագործության մասին իր հուշերով, որի վրձնին պատկանող նկարը նա տեսել էր իր ընկերների մոտ:

«Ես հատուկ վերաբերմունք ունեմ Սարյանի նկատմամբ, քանի որ դեռևս նախքան Հայաստան մեկնելը, այսինքն՝ նախքան 1975 թվականը, ես տեսել եմ նրա որոշ նկարները և մտքումս մտածել. «Դե, իհարկե, այդպիսի գույներ չկան: Դա, իհարկե, գեղանկարչի երևակայությունն է: Վատ չէ, սակայն այդպիսի գույն չի կարող լինել»: Սակայն երբ ես Հայաստանում էի, ես ցնցված էի: Այդ գույները ճիշտ այնպիսին են, ինչպես նա նկարել էր. մանուշակագույն, բացարձակ մանուշակագույն, կարմիր, դեղին: Ես շատ էի տպավորվել դրանից: Երբ ես տեսա այդ նկարը, ես ասեցի. «Ես ուզում եմ այն ունենալ: Վաճառե′ք այն ինձ»: Դե իսկ նրանք ինձ նվիրեցին դա: Ես շատ եմ սիրում այդ նկարը,-պատմել է Վլադիմիր Պոզները:

Նրա խոսքով՝ նա չի կարող դատել հայկական մշակույթի մասին, քանի որ չափազանց քիչ է տեղեկացված դրա մասին: Լրագրողը պատմել է, որ ծանոթ էր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարովի դստեր՝ Տատյանա Սպենդիարովայի հետ, և շնորհակալ է նրան, որ կարողացել է ծանոթանալ հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններին՝ հայերենից թարգմանված:

Ընդ որում՝ ըստ Պոզների՝ ստեղծագործության թարգմանությունը չի կարող լիովին փոխանցել բնօրինակի հնչողությունը:

Լրագրողը նաև հիշել է, որ «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի բացման տարին նա Ծաղկաձորում էր և ներկա էր հուշարձանի բացմանը:

Վլադիմիր Պոզները կիսվել է Հայաստանի և իր հայ ընկերների մասին վառ ու բարի հիշողությունների մի ամբողջ փնջով: Նա խոստովանել է, որ շատ է հավանել Երևանը, և քաղաքը շատ հարմարավետ է բնակության համար, ինչպես նաև հիացմունք է հայտնել հանրապետությունում ռուսերենի իմացության մակարդակի շուրջ:

Աղբյուրը՝ News.am

Ամենաթարմ