Արցախ

Կանխվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամից ավելի վնասի պատճառումը․ ԱՀ դատախազություն

Արցախի դատախազությունը հայտնել է, որ կանխվել է պետությանը 1 միլիարդ 600 միլիոն դրամից ավելի վնասի պատճառումը:

«ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում և դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է ԱՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների, այդ թվում՝ աջակցության չափի որոշման հիմք հանդիսացող տեղեկությունների կազմման գործընթացի օրինականության ստուգում:

Դրա շրջանակում ի հայտ բերված ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ հարուցված քրեական գործերով իրականացված նախաքննության, ԱՀ գործադիր իշխանությանը ներկայացված միջնորդագրի քննարկման և ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվել է համապատասխան տեղեկությունների ճշգրտում, որի միջոցով միայն անասնագլխաքանակի մասով կանխվել է պետությանը 1 միլիարդ 690 միլիոն դրամի չափով գույքային վնասի պատճառումը:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կոչ ենք անում իրենց լիազորություններն իրականացնելիս գործել բարեխղճորեն, օրինականության սահմաններում, բարձր պահել պետության հեղինակությունը և առաջնորդվել բացառապես ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով:

Վերոհիշյալ ոլորտում դատախազական ստուգումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են»,- ասվում է հաղորդագության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ