fbpx
Երևան

Քաղաքապետարանից պնդում են՝ ամանորյա լուսավորության ապահովման աշխատանքներից Երևանի շենքերը վնասներ չեն կրել

Երևանի քաղաքապետարանից պնդում են, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով քաղաքը վնասներ չի կրել՝ հավելելով, որ իրականացվել է նվազագույն միջամտություն լուսավորության տեղադրման համար:

2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության թեմայով ասուլիսին այս մասին նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Վնաս՝ որպես այդպիսին, քաղաքը չի կրել: Այն թեմաները, որոնք շրջանառվում են, այն նկարները, որոնք տարածվում են համացանցում, այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի աշխատանքների հետ՝ մետաղյա ձողերը զարդանախշի մեջ, մեզ հետ կապ չունեն։ Այո, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, և այդ վնասները նույնպես այս ընթացքում արձանագրել ենք, գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ այդ հարցերին: Որպես այդպիսին՝ իրականացվել է նվազագույն միջամտություն լուսավորության տեղադրման համար»,- նշեց Ավինյանը պատասխանելով հարցին, թե որքան վնաս է կրել Հանրապետության հրապարակը լուսավորության արդյունքում:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց, որ խորը հետազոտություն անելու անհրաժեշտություն չկա, որպեսզի հասկացվի՝ այսօր Հանրապետության հրապարակի շենքերի վրա առկա ձողերը, անցքերը կապ ունե՞ն այս նախագծի հետ, թե՞ ոչ: Եթե վրան լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի:

Այն հարցին, թե արդյոք նոր անցքերը չեն վնասվում քարը, փոխքաղաքապետը պատասխանեց «Ոչ, վնաս չէ, դա այն միջամտությունն է, որ ողջամիտ ու անհրաժեշտ էր այդ զարդարանքը տեղադրելու համար, իսկ հետևանքները վերացվելու են: Այն ծակերը, որ արվել են և մենք չենք հերքում, որ արվել են, ուրիշ են, զարդանախշերի մեջ մխրճված հեղույսը՝ ուրիշ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ