ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ.
Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսեվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ:
Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն:
Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն:
Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:
Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2773496969637347?__cft__%5B0%5D=AZU9UxfuIXp_OPBujnEN6rTfnIjzB_C4oU4pkR7bPNNd_6-U6wFJn0vDmZnW9hd0oc9g74_YeeFOQUPyYgobbnGDqwNAfW-miaNumE8bvO7vPo6tp4_d6YnyUE2j3eDc7CfH9qyaAongdbvh79_MHIJgfLZtp9BnXiA6E2JM33mqRQaCJmjZ53l5Uv76Inez3DM&__tn__=%2CO%2CP-R
