Որովայնի ճարպից ազատվելու համար հարկավոր է ավելի քիչ նյարդայնանալ և նվազեցնել ալկոհոլի օգտագործումը, ասում է բժիշկ Մայք Բոլը։ Նա թվարկել է քաշը կորցնելու հինգ հեշտ միջոց Eat This, Not That-ում:
Բոլը բացատրել է, որ կան մարմնի ճարպի տարբեր տեսակներ, և հազվադեպ չէ, որ որովայնի խոռոչում առաջանում է ներքին օրգանների ճարպ: Այն կուտակվում է որովայնի օրգանների շուրջ և կարող է հրահրել սրտի հիվանդության, հիպերտոնիայի և այլ վտանգավոր հիվանդությունների զարգացում։
Բժիշկը նախ խորհուրդ է տվել մեծացնել ֆիզիկական ակտիվությունը և հիշել, որ սպորտի կամ դիետայի միջոցով հնարավոր չէ նիհարել միայն որոշակի վայրում՝ լինի դա ստամոքս, թե կոնք։ Նա խորհուրդ է տվել ամենօրյա զբոսնել և լրացուցիչ ֆիզիկական ակտիվության հնարավորություններ փնտրել, օրինակ՝ վերելակից չօգտվելուց։
Քաշի արդյունավետ կորստի համար Բոլը խորհուրդ է տվել ավելացնել սննդակարգում սպիտակուցի, բանջարեղենի և մրգերի քանակը: «Որակյալ սպիտակուցի աղբյուրների ավելացումը նույնպես կարևոր է և կարող է օգտակար լինել: Հնարավորության դեպքում ընտրեք անյուղ սպիտակուցներ, ինչպիսիք են ձուկն ու հավը»,- պարզաբանել է մասնագետը։
Անհրաժեշտ է նաև նվազեցնել ալկոհոլի օգտագործումը։ Ըստ Բոլի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալկոհոլը հրահրում է որովայնի հատվածում ճարպային կուտակումների ձևավորում։ Բացի այդ, քաշի ավելացման պատճառ կարող է լինել սթրեսն ու անորակ քունը։ Սթրեսի մակարդակը նվազեցնելու համար բժիշկն առաջարկել է փորձել շնչառական պրակտիկաներ և մեդիտացիա: Եթե կա խրոնիկական անհանգստություն, ապա ավելի լավ է դիմել մասնագետին։
Եզրափակելով՝ բժիշկը հավելել է, որ նիհարելու հիմնական կանոններից մեկը կալորիականության դեֆիցիտ ստեղծելն է։ «Եթե շաբաթվա սկզբին նախապես պլանավորեք (կամ նույնիսկ պատրաստեք) ձեր բոլոր կերակուրները, ձեզ համար ավելի հեշտ կլինի հավատարիմ մնալ ձեր սննդակարգին՝ առանց ամեն օր դրա մասին մտածելու: Դուք նույնիսկ կարող եք նախօրոք որոշել, թե ինչ եք ուտելու, եթե հանկարծ սոված զգաք», – եզրափակել է նա: