Այսօր Ազգային ժողովում Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում է պարզեցնել անշարժ գույքի հարկման տեսակները՝ միավորելով գույքահարկն ու հողահարկը անշարժ գույքի միատեսակ հարկատեսակի մեջ։
«Էականորեն բարձրանալու են հատկապես բարձրարժեք անշարժ գույքերի հարկման … կադաստրային գնահատումը, որից էլ բխելու է հարկումը»,- նշեց նա։
Նա հայտնեց, որ սա թույլ կտա ակտիվացնել նաև արտադրական տարածքները, քանի որ կան այդպիսի տարածքներ, որոնք որևէ արտադրություն չեն ապահովում։
Կոմիտեի ղեկավարը բացատրեց, որ Հայաստանի ամբողջ տարածքի համար ընդունվելու է հարկման բազային չափ, որը բազմապատկվելու է գործակիցներով։ Իսկ այդ գործակիցները հաշվարկվելու են կադաստրային գոտիավորման համաձայն։ Մինչ այդ Հայաստանի 12-գոտիանոց կադաստրային բաժանումը կդառնա 20-գոտիանոց՝ ավելի թիրախային։
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը օրինակ բերեց, որ եթե Երևանի Աբովյան փողոցում ապրում է ծեր տատիկ, որի եկամտի միակ աղբյուրը թոշակն է, ինչպե՞ս են վարվելու նրա հետ, երբ նրա տան գույքահարկը բարձրանա։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, որ ներկայացնում էր նախագիծը, ասաց, որ կոնկրետ այդ նախագծով լուծում նախատեսված չէ։ Նա հավելեց, որ գաղափար կա այդ գույքահարկի պարտավորությունը կցել հենց գույքին։ Այսինքն եթե հետագայում տատիկի որոշի վաճառել բնակարանը կամ որպես ժառանգություն փոխանցել, ապա այդ գումարը կգանձվի այդ ժամանակ՝ տան արժեքից։ Բայց հնարավոր է, որ լինեն նաև այլ բացառություններ։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ, անդրադառնալով այն հարցին, թե որքան կթանկանա գույքահարկը, նշեց, որ գույքահարկն իրականում փաստացի վերին շեմի համար է փոխվում:
«Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքը ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանա, բայց հարգարժան գործընկեր և ոչ գործընկեր խոշոր սեփականատերեր ջան, եթե ունեք շատ բարձր արժեքով անշարժ գույք, որը գրանցված է կոպեկներով, և որի համար շատ քիչ եք վճարում, ձեզ համար հաստատ գույքահարկը կթանկանա»,- հավելեց Թունյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր ելույթի ընթացքում նշեց․
«Այստեղ պիտի ասեմ, որ բերված նախաձեռնությունն ամենևին նորություն չէ, եկամտահարկի հարցի քննարկման շրջանակում խոսել ենք այս մասին, երբ ասում էին՝ հարուստները ինչո՞ւ պիտի պակաս հարուստներից կամ քիչ եկամուտ ունեցողներից պակաս հարկ տան: Մենք ասել ենք, որ պիտի բալանսավորվի, սա ճանապարհներից մեկն է: Մենք գույքահարկը, ըստ էության չենք փոխում, այլ կադաստրային արժեքը: Այո´, որևէ հարուստ սեփականատեր պիտի իմանա՝ 1 քմ կամ 1000 քմ ավել հող ունենալու դեպքում մի քիչ ավել պիտի վճարի, քան տատիկը, որ ապրում է 1 սենյականոց բնակարանում ու ստանում է թոշակ»։