fbpx
Իրավական

Ոստիկանի նկատմամբ բռնության կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա երիտասարդ

2020թ. հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի մի քանի ծառայողներ զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:05-ին, հրազենային վնասվածքներով դիակի գտնվելու վերաբերյալ ստացված ահազանգի կապակցությամբ ժամանել են Երևան քաղաքի Ս․Տարոնց փողոց և իրենց ծառայողական պարտականությունները՝ դեպքի վայրի պահպանությունն իրականացնելու ընթացքում, իրենց են մոտեցել մահացած անձի բարեկամներն ու ընկերները, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ վերջիններս, չենթարկվելով իրենց օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, իսկ մահացած անձի 29-ամյա ազգականը, չենթարկվելով դեպքի վայրը լքելու իրենց օրինական պահանջներին, ոստիկանության 3 ծառայողների առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բռունցքներով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո բերման է ենթարկվել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության 3 աշխատակիցները ճանաչվել են տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշումներ են կայացվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի ձայնագրություններն առգրավելու մասին, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ