Վրացական առաջադեմ, ընդդիմադիր Rustavi 2 ՀԸ-ն նոր տնօրեն ունի: Վրաստանի Հանրային ռեեստրը ՀԸ-ի սեփականատեր Քիբար Խալվաշիի պահանջով Rustavi 2-ի տնօրեն է նշանակել նրա փաստաբան Պաատա Սալիային:
Այսօր նա այցելել է ՀԸ՝ ծանոթանալու անձնակազմի և հեռուստաընկերությունում տիրող իրավիճակին: Ինչ վերաբերում է աշխատակազմի փոփոխություններին՝ Սալիան ասել է, որ նման բան անել չի պատրաստվում և ցանկանում է ծանոթանալ հեռուստատեսության աշխատակիցներին, ընկերության ֆինանսական վիճակին:
«Երեկ ես եկել էի այստեղ՝ ընկերությունում տիրող իրավիճակին ծանոթանալու: Առաջին հերթին ցանկանում եմ անձամբ ծանոթանալ աշխատողների հետ, ապա նաև քննարկել ՀԸ-ի անդադար, ամենօրյա անխափան գործունեությանն առնչվող հարցեր: Երեկ հայտարարեցին, որ աշխատանքային ժամերն ավարտված են, և մարդիկ, ովքեր կատարում են այդ ֆունկցիաները, լքել են աշխատավայրը: Այսօր էլ նույն նպատակով եմ եկել ընկերություն՝ հաշվի առնելով հանգամանքը, որ բոլոր աշխատողները պետք է լինեն տեղերում»,- ասել է Սալիան:
Rustavi 2 ՀԸ-ն նախկին սեփականատեր Քիբար Խալվաշիին վերադարձնելու ՄԻԵԴ-ի որոշումից հետո Նիկա Գվարամիային հեռացրել է հեռուստաընկերության տնօրենի պաշտոնից: