Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի առաջընթացը բարձր է գնահատել: Այս մասին ասված է Ռիքերի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
«Քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և աշխարհաքաղաքական նոր միջավայրը: Ուշադրություն է դարձվել, թե ինչ դեր կարող է ունենալ Վրաստանը՝ տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Նշվել է, որ Վրաստանն այս ուղղությամբ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն ունի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Ֆիլիպ Ռիքերը մամուլի ասուլիս է անցկացրել, որից հետո՝ հանդիպել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ:
Մինչ այս հայտնել էինք, որ Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը կայցելի նաև Հայաստան և Ադրբեջան։