Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հունիսի վերջին կայցելի Ադրբեջան: Տեղական իշխանությունների հետ քննարկման հիմնական թեման կվերաբերի վիճելի տարածք համարվող Դավիդ Գարեջիի սահմանագծման ու սահմանազատման հարցերին: Տեղեկությունը տարածել է Վրասատնի Առաջին ալիքը:
Նշենք, որ վճռահարույց դարձած 6-րդ դարի վրացական Դավիթ Գարեջի համալիրը գտնվում է վրաց-ադրբեջանական դեռևս չհամաձայնեցված տարածքում, երբ կողմերից յուրաքանչյուրը յուրովի պաշտպանում է իր իրավունքները այդ տարածքի նկատմամբ: Թեև որպես փաստ, պետք է նշել, որ սկսած 6-րդ դարից համալիրում ծառայություն են իրականացրել վրացի հոգևորականներն ու հավատքի զոհ դարձել հազարներով…
Դավիթ-Գարեջին վրացական քարանձավային վանքերի եզակի համալիր է: Այն գտնվում է Թբիլիսիից 60 կմ հարավ-արևելքում: Զբաղեցնում է 25 կիլոմետր տարածություն՝ կիսաանապատային Գարեջի լեռնաշղթայի լանջերին:
Սրբավայրի շուրջ ստեղծված իրավիճակը ծայրահեղ լարված է այն տեսանկյունից, որ կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ համալիրի իրենց է պատկանում: Վրաստանի բերած փաստարկների մասին վերևում արդեեն անդրադարձել ենք: Ադրբեջանը համալիրն անվանում է Կեշիքչիդագ՝ համարելով այն «Ադրբեջանի քարե հուշարձան»: Նրանց հավաստմամբ՝ համալիրը պատկանել է Կովկասյան Ալբանիային, որի իրավական ժառանգորդներն իրենք են:
Նշենք նաև, որ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր 446 կմ սահման, որից սահմանագծված է 70 տոկոսը: Մնացած 30 տոկոսը վիճելի տարածքներ են՝ Դավիդ Գարեջին և պատմական Վրաստանի տարածք համարվող Տաո-Կլարջեթին, որի բնակչության մեծ մասը դավանափոխ է եղել՝ պահպանելով ազգային տարրը:
Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման, սահմանազատման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 1996թ․ և դեռևս շարունակվում են: Պատճառը նույն վանական համալիրն է, երբ 2012-2014թթ․ ադրբեջանցի սահմանապահներն ինքնակամ արգելել էին վրացի ուխտավորներին ու հոգևոր դասին բարձրանալ համալիր: