Վրաստանի Իմերեթիի շրջանի Ճիաթուրա քաղաքում Georgian Manganese ընկերության բոլոր հանքերը փակվել են: Հանքափորներն իրենց աջակիցների հետ արդեն 10 օրից ավելի է՝ գործադուլ են հայտարարել, ակցիաներ ու երթեր են անցկացնում: Նրանք պահանջում են աշխատավարձի 50 տոկոս բարձրացում:
Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ երթեր են անցկացվելու ողջ Ճիաթուրայի տարածքով, բնակիչներին ներկայացնելու են հանքերում ստեղծված իրավիճակը, որը լուրջ խնդիրներ է ստեղծում ողջ քաղաքի համար:
Երթերին զուգահեռ մի քանի հանքերում աշխատակիցները նաև հացադուլ են հայտարարել: Նրանցից երկուսը, ի նշան բողոքի, երեկ՝ մայիսի 24-ին կարել էին իրենց բերանները: Անհրաժեշտ էր եղել բժիշկների միջամտությունը:
«Քաղաքում կեցության ոչ մի պայմաններ չկան:Մանգանի բոլոր հանքահորերը բաց են, ինչը ոչ միայն էկոլոգիական, այլև առողջական խնդիրներ են ստեղծում՝ քաղցկեղի վտանգ կա: Հանք փոխադրող մեքենաները երթևեկում են բաց հումքով: Քաղաքում այնպիսի փոշի է բարձրանում, որ մայթով անցնող մարդուն կարելի է նկատել միայն րոպեներ անց»,- հայտարարել է ակցիայի մասնակից Գիորգի Բիծաձեն:
Ճիաթուրայի նորընտիր քաղաքապետ Գիվի Մոդեբաձեի հետ հանդիպումից հետո վերջիններս հույս են հայտնել, որ տեղի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում կհասնեն ցանկալի արդյունքի:
Georgian Manganese ընկերությունը հանքափորներին խոստացել է աշխատանքի պայմանների բարելավում, աշխատաավարձի փուլային բարձրացում, ինչին գործադուլավորները վստահություն չեն հայտնել և հրաժարվել են առաջարկից:
Հատկանշական է, որ երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, պատասխանելով հանքափորների վերաբերյալ հարցին, ասել էր, որ այդ խնդիրը նախագահին չի վերաբերում: