Վրաստանում 305 մարդու կալանել են ցույցերի պատճառով

Թբիլիսիում ներքին գործերի նախարարության աշխատակիցները կալանել են 305 մարդու երեկվա ակցիային մասնակցելու պատճառով։ Այս մասին նշված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է Գրուզիա Online-ը։

Նշվում է նաև, որ երեկվա ակցիայի ընթացքում տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ իրավապահները։

Համաձայն տեղեկատվության՝ սկսվել է քննություն Վրաստանի Քր.օր. 225 հոդվածով՝ խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն։

ՆԳՆ-ն հայտարարում է, որ ոստիկանությունն օգտագործել է հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ։ Դրանց օգտագործումը կրել է սպառնալիքին համամասնական բնույթ։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանում։ Դրանց պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն է, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Հավելենք, որ ցույցերի ֆոնին հունիսի 21-ին հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ Իրակլի Կոբախիձեն։

Ամենաթարմ