ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստին ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը Աբխազիայի և Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Հայաստանը, որը ամեն տարի բանաձևի դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չի մասնակցել քվեարկության: Բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է մնացել:
ՄԱԿ-ի ասամբլեայի նիստին Հայաստանի դիրքորոշումը Վրացական մամուլում և սոցցանցերում լայն տարածում է ստացել։ Սոցիալական ցանցերում քաղաքացիները բուռն քննարկումներ են ծավալում, քաղաքական գործիչները ևս փորձում են բացատրություն գտնել Հայաստանի կայացրած որոշմանը:
Քաղաքագետ Լևան Լորթքիփանիձեն Հայաստանի որոշումը դրական է գնահատում։
«Կհամաձայնեք, ամենից վտանգավորն ու զարմանալին այն է, երբ ամենագլխավոր գործընկերդ քո ամենակարևոր մարտահրավերի հարցում քո դեմ դիրքորոշում ունի: Երեկ ողջ Վրաստանը ուրախալի լուր ստացավ: Հայերն առաջին անգամ այսքան տարիների ընթացքում մեր բանաձևին դեմ չգնացին: Հրաշալի որոշում են կայացրել, սա մատնանշում է, որ Հայաստանն ավելի քիչ է կախված Ռուսաստանից և կունենա այնքան ուժ, որ Մոսկվայի համար անընդունելի դիրքում հայտնվելուց չի վախենա»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է Լևան Լորթքիփանիձեն:
Ինչ վերաբերում է սոցցանցերում Վրաստանի քաղաքացիների արձագանքին, մեկնաբանություններում նրանք կասկածելի են համարում Հայաստանի Հանրապետության կայացրած որոշումը, ոմանք քննադատում են չեզոք դիրքը, մատնանշելով, որ Ադրբեջանը, օրինակ` կողմ է քվեարկել այս բանաձևին: Օգտատերերի մեծ մասն ուրախալի լուր է համարում ՀՀ կայացրած որոշումը, սակայն արձանագրած կարծիքի մեջ ինչ-որ դավադրություն միևնույն է փնտրում է:
«Նեթգազեթի» կայքը թեմային անդրադարձում մեջբերել է Վրաստանում հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի հետ 2014 թվականին արված հարցազրույցից հատված, որտեղ վերջինս բացատրում է, թե ինչու է Հայաստանը դեմ քվեարկում բանաձևի ընդունմանը։ Նշվում է, որ հարցը չի վերաբերում միայն փախստականների վերադարձին, այլև Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ) տարածքում տեղի ունեցող կոնֆլիկտների (այդ թվում ԼՂ) բանաձևին, իսկ կողմ քվեարկելը նշանակում է աջակցել Ադրբեջանին: