Մարտի 4-ին` ժամը 23:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Ս., ծնված 1995 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Շտապօգնության աշխատակիցները Ն. Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: