Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների 18-րդ գագաթնաժողովը տեղի կունենա 2020 թվականին Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում: Գագաթնաժողովի կազմկոմիտեի այս որոշման մասին հայտնել է Սեուլի քաղաքագլխի մամուլի ծառայությունը:
«Համաժողովի մասնակիցները կքննարկեն խաղաղության ամրապնդման ուղիները Կորեական թերակղզում և ամբողջ աշխարհում»,- նշվում է փաստաթղթում:
Գագաթնաժողովին կմասնակցի շուրջ հազար մարդ, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի 30 դափնեկիր:
Սեուլի քաղաքապետարանը և գագաթնաժողովի կազմկոմիտեն մտադրությունների համապատասխան հուշագիր են ստորագրել և պայմանավորվել են ձևավորել կոմիտե, որը կզբաղվի միջոցառման նախապատրաստմամբ:
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովը գրեթե ամեն տարի Հռոմում է անցկացվել 1999-ից մինչև 2007 թվականը, իսկ այնուհետև՝ աշխարհի տարբեր քաղաքներում: Անցյալ տարի այն չի անցկացվել, իսկ 2019 թվականին կայացել է Մեքսիկայի Մերիդա քաղաքում։
