Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի տղամարդիկ ամեն պահ պատրաստ են մեկնել ռազմաճակատ հայրենիքի պաշտպանության համար։ Արցախյան 44-օրյա պատերազմում Վաղաշեն գյուղից յոթ կամավորական է զոհվել։
Գրիգորյանների ընտանիքում պատերազմի միջով անցել են հայրն ու որդին։ Ընտանիքի որդին՝ Սարմեն Գրիգորյանը, պատերազմի սկսվելու ժամանակ ծառայում էր Մարտունի 3-ում։ Հայրը՝ Խաժակ Գրիգորյանը, ով նաև Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել, լսելով պատերազմի լուրը, կամավորագրվում է կռվի դաշտում որդու մոտ լինելու համար։
«Հայրս 13 տարի զինվորական է եղել, մասնակցել է նաև առաջին պատերազմին։ 2013 թվականին որոշեց թողնել զինվորականի գործն ու մեկնեց արտագնա աշխատանքի։ Նախորդ տարի համավարակի պատճառով չկարողացավ գնալ»,- զրույցը սկսում է Սյուզի Գրիգորյանը՝ Խաժակ Գրիգորյանի դուստրը։
Պատերազմի սկսվելու հենց առաջին օրը Խաժակը կամավորագրվում է գյուղի զինկոմիսարիտում։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայրս խոսել էր եղբորս՝ Սարմենի հետ, եղբայրս վստահեցրել էր, որ ամեն ինչ կարգին է, բայց մենք գիտեինք, որ թշնամու առաջին հարվածը հենց իրենց դիրքերի ուղղությամբ է եղել»,- պատմում է Սյուզին։
Սյուզին հիշում է հայրն այնքան ոգևորված է եղել, որ նույնիսկ փաստթղթերն է մոռացել տանը ու նորից հետ եկել վերցրել։ «Սեպտեմբերիի 27-ի երեկոն էր, հայրիկիս զանգեցին, ասացին, որ համազգեստով մոտենա գյուղապետարան։ Այնքան շփոթված ու խառնված էր, որ մոռացել էր զինվորական թղթերը վերցնելու մասին»,- հավելում է Սյուզին։
Արցախյան առաջին պատերազմում Օմարում մարտական գործողություններին մասնակցելու պատճառով Խաժակին տանում են Քարվաճառ, ոչ թե որդու մոտ՝ Մարտունի։
«Պապաս իմացել է, որ իր վաղեմի ընկերը Օմարի լեռնանցքի ամենավերջին դիրքում է, որոշում է գնալ ընկերոջ մոտ։ Հոկտեմբերի 4-ին մեր գյուղից կամավոր մի տղայի հետ փոխել է դիրքը, հանդիպել է իր ընկերոջը, իսկ հոկտեմբերի 9-ին պետք է հերթափոխ անեին, ու պապաս իջներ դիրքերից, բայց նույն օրը՝ ժամը 2-ին, պապաս զոհվել է»,- պատմում է Սյուզին։
Սյուզին, արցունքները կոկորդում սեղմելով, հիշում է, պատերազմի օրերին էլ հայրը վստահ է եղել, որ հաղթելու ենք ու ամեն ինչ լավ է լինելու։
«Եղբորս հետ խոսելիս էլ ասում էր տղես չմտածես, չվախենաս, հաստատ երկուսով էլ տուն ենք գնալու»,- հիշում է Սյուզին։
Պատերազմի օրերին Խաժակը տիրապետել է հրաձիգային գրեթե բոլոր զենքերին։ «Պապաս չորս օր զինվորներին սողեսող հաց է տարել, լցրել է գրպանները ու հաց հասցրել։ Ճանապարհների ռմբակոծման պատճառով սնունդ չեն կարողացել հասցնել դիրքեր»,- պատմում է Սյուզին։
Սյուզին ջերմությամբ է մտաբերում հոր հետ կապված բոլոր հիշողությունները։ «Հիշում եմ հենց սեպտեմբերի 27- ին իրար հետ այգում միրգ էինք հավաքում։ Շատ էր սիրում մեր այգին մշակել, մաման, որ ասում էր՝ արի մի քանի ծառ կտրենք, շատ խիտ են ծառերը, պապաս ասում էր՝ չէ, ու վերջերս ավելի շատ ծառեր էր բերել տնկել»,- հիշում է Սյուզին։
Դուստրն ասում է՝ հայրը շատ հայրենասեր է եղել։ «Հայրս երբեք չէր մտածի, որ հնարավոր է մենք Արցախի կեսը էլ չունենանք, հիմա պապաս լիներ ու իմանար, որ Քարվաճառը տվել ենք թշնամուն, չգիտեմ՝ իր հետ ինչ կկատարվեր։ Քարվաճառի կորստի հետ չեմ համակերպվում, պապայիս կյանքը այնտեղ էր սկսվել ու այնտեղ էլ ավարտվեց»,- ասում է Սյուզին։
Սյուզին ասում է ընտանիքում բոլոր անդամները իրենց տեղն ունեն, բայց հայրիկից հետո ամեն ինչ գլխիվայր շրջվել է։ «Պապայի հեռանալուց հետո մեր կյանքում ոչ մի գույն չի մնացել, ապրելու համար ոչ մի գույն չկա»,- եզրափակում է Խաժակի դուստրը՝ Սյուզին։
Խաժակ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Շողիկ Կակոյան, Լիլիթ Խլղաթյան