Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Ըստ Փաշինյանի, Լավրովյան պլանով «դուզ» գնում են։ Ըստ Սիմոնյանի իրենք ամենառուսամետ ուժն են՝ նախկիններից վերան։ Էհ, ողջ առողջ։ Հետևաբար, ըստ Լավրովի պլանի, Արցախը կարգավիճակ չի ստանալու ռուսական ծիրում։
Ուրեմն, ինչ էլ քննարկվի, ստորագրվի, չի կարող լինել խաղաղության պայմանագիր, հայտարարություն կամ որևէ այլ բան, որ լինի փաթաթված Հայաստանի վզին ռուսական պլանով։ Դա կարող է լինել միայն կորուստ, վտանգ, զոհաբերություն, բնաջնջում, սպառնալիք։
Փաշինյանը, նախկին կլանները և իրենց սատարողները իզուր են հալվել Պուտինի հովանու ներքո։ Հայաստանը ռուսական ազդեցության, թուրքական ազդեցոuթյան ու առավել ևս պարսկական ազդեցության ծիրում չէ։ Հատկապես նախկինների ընակլումները, որը սիմետրիկ կրկնում են գործողները, բայց շատ նրբություններ իմանալով, սահմանափակված են տարածաշրջանում ռուսական դպրոցով։ Այդ ընկալումներով մեծ չեն կարող տեսնել։ Մեծությունները ոմանք տեսնում են միայն մերկանտիլ հայացքով, այն էլ գումարի տեսքով, այլ ոչ աշխարհաքաղաքական զարգացումների կամ արժեքային իմաստով, քանզի սեփական քաղաքականությունը, որը կոչված է հիմնվել ինքնիշխանության ու ազատության վրա, բացակայում է, բայց գալու է։
Իհարկե, սա խաղի ռուսական մասին էր վերաբերվում։ Բայց որոշ ժամանակ անց, Հայաստան-Ադրբեջան հարցը քննարկվելու է ԵՄ-ում, որտեղ արդեն որոշումների կայացման, ավելի ճիշտ հայտարարման փուլն է սկսելու։ Հայաստանից պետք է ադրբեջանական ագրեսորները դուրս գան, ճանապարհները ամենայն հավանականությամբ բացվեն, իսկ Արցախի մասով երկխոսություն սկսվի Արցախի ու Ադրբեջանի միջև։ Արցախը սա պարտավոր է գիտակցել, ուզել և մեջքն ուղիղ գնալ հաստատելու իր ինքնորոշումը՝ չթաքնվելով Հայաստանի ետևում, իսկ Հայաստանն՝ ամեն կերպ սատարել Արցախին։
Պուտինին և իր տեղապահներին թվում էր, նաև հիմա ոմանց թվում է, թե Պուտինը կարող է միանձնյա վերցնել երկու երկրների կոնֆլիկտը և լուծել։ Լուծել, ոչ թե արդյունքում խնդիրը վերանար, այլ լուծել խնդիրները թողնելու ապագային, որ ապագա սերունդները կրկին մտնեին արհավիրքների գեներացիայի մեջ՝ մնալով ռուսական իմպերիայի ազդեցության տակ։ Նրանց թվում էր, թե կարելի է վերցնել ու նվիրել, վաճառել տարածքներ մյուս կողմի հաշվին ու ստանալ միակողմանի դիվիդենտներ, ստեղծել տպավորություն, որ ինքն ամբողջ աշխարհում այդպես հարցեր կարող է «լուծել»։
Այս ինքնախաբեությունը, իմիտացիան Պուտինին տարավ հագնելու ուկրաինական հակամարտությանը, հագնելու ամբողջ աշխարհի քաղաքական, դիվանագիտական, տնտեսական սանկցիաներին ու մերժումներին, նույնիսկ հագավ սեփական գիտակից ու պրոգրեսիվ ժողովրդի առհամարհանքին ու ատելությանը, որոնք ստիպված, որպեսզի եղբայրասպան չդառնան և չկռվեն իրենց թալանող ու ստող վարչակազմի համար, հեռանում են իրենց երկրից։
Ուկրաինայում կրեմլյան իմպերիալիզմը և համակարգը ռազմական պարտությունից հետո մեռնելու է, իսկ դա սարերի հետևում չէ։ Բայց այդ վերջին ակորդից առաջ Արցախի ձայնը կլսվի։ Եվ թող ոչ ղարաբաղյան, ոչ հայաստանյան տեղապահները հույս չտածեն, թե Արցախը մնալու է ռուսական ու ադրբեջանական պատանդառության մեջ, որովհետև իրենց իմպերատորն է այդպես կամենում։ Իրենց թվում է, եթե իրենք կարողանում են Կրեմլի պատերի տակ երրորդ սորտի որևէ չինովնիկից որևէ բան մուրալ Արցախի մասով, ուրեմն իմպերատորն ամենակարողն է և իրենց համար պարտաստ է Ալիևին քցել Արցախի հարցում։
Իմացեք, որ Արցախը ինքնորոշվելու է ի հեճուկս Լուկաշենկոյի ու Պուտինի «տղա» Ալիևի և ի հեճուկս իմպերատորին հպատակվողների»։