Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասին: Որտեղ մասնավորապես ասվում էր.
«Քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։ Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն։ Անկեղծ ասած, օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայց և թույլ չեմ տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով այս գրառմանը, նշեց, որ խմբակցությունում բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ:
«Հավելյալ մեկնաբանությունների համար, կարծում եմ, արժե դիմել պարոն Թորոսյանին»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե երեկ խմբակցությունում այդ հարցը թեժ քննարկվել է, ու դուք պատգամավորներին ասել եք՝ եկեք հիշենք, թե ով դրանից առաջ ինչ է արել, Մակունցն այսպես արձագանքեց.
«Նախ այն, ինչ դուք համարում եք թեժ քննարկում, դա ներխմբակցային նամակագրություն է, որի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ չեմ ուզում և ընդհանրապես դա համարում եմ էթիկայի նորմերի խախտում: Այնուամենայնիվ, նման բան ես չեմ ասել, ես ասել եմ բոլորովին այլ բան, թե ինչ՝ ես նպատակահարմար չեմ գտնում անձնական նամակագրությունները հրապարակելը»: