Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են։
29/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անի Չիլինգարյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ 1391 ընտրողից 152 արդեն ընտրել են։ Չիլինգարյանը նշեց, որ Խորհրդարանական ընտրություններն ավելի հանգիստ մթնոլորտում են անցել.«Խորհրդարանականի ժամանակ շատ հանգիստ և խաղաղ մթնոլորտ էր։ Այս անգամ լարվածություն է նկատվում»։
Չիլինգարյանն անդրադարձավ նաև մարզպետի Ռոմանոս Պետրոսյանի և Վահագն Գևորգյանի վստահված անձ Վեներա Գյուլինյանի մեջ տեղի ունեցած միջադեպին. «Ես հիմա ոչինչ չեմ ցանկանում մեկնաբանել։ Իրավապահ մարմինները կգան՝ կհասկանանք։ Արձանագրություն է կազմվել»։
Հիշեցնենք, որ Գևորգյանի վստահված անձի ընտրական ձեռնարկի մեջ հայտնաբերվել է թուղթ, որի վրա մարդկանց անուններ և հեռախոսահամարներ էին գրված։ Մարզպետը այդ թուղթը նկատելով աղմուկ բարձրացրեց և կանչեց իրավապահ մարմիններին։ Պետրոսյանի խոսքով Վահագն Գևորգյանի կողմնակիցները փորձում են աշխատել խախտումներով և հին բարքերով։